Ռուսաստանն ուզում է, բայց չի կարող. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, ինչպես և նրա իշխանական գործընկերների մեծ մասը, գտնում է, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն ամենևին անակնկալ չէր: 168.am-ի հարցերին նրա պատասխանները վերաբերում են հենց այդ խնդրին:

– Իմ անձնական կարծիքով՝ Նազարբաևի հայտարարությունն անակնկալ չէր: Բայց քաղաքականությունը հնարավորին հասնելու արվեստ է, և ինչքան հնարավորություն, ռեսուրսներ կա, Հանրապետականը, կառավարությունը, նախագահը պետք է օգտագործեն՝ ինչ-որ ձևով այդ խնդիրը լուծելու համար:

– Չե՞ք կարծում, որ նախագահը պետք է հրապարակային պատասխան տար Նազարբաևի այդ պայմանին:

– Ես չեմ կարծում, որ պաշտոնական, հրապարակային պատասխանն ինչ-որ բան կտար, կարծում եմ, որ դիվանագիտական գործընթացներն ավելի լավ արդյունք կտան:

Կարդացեք նաև

– Երբ Նազարբաևը նման պայման առաջադրեց Հայաստանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, իսկ Հայաստանի նախագահը դրան չպատասխանեց, տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը համաձայն է այդ պայմանին:

– Դիվանագիտության մեջ պահեր կան, երբ հրապարակային հայտարարություններն արվում են ինչ-որ պահից հետո, երբ ամեն ինչ պարզ է: Ես կարծում եմ, որ դեռ քննարկման խնդիրներ կան:

– Տպավորություն ստեղծվեց նաև, որ Ռուսաստանը ևս համամիտ է այդ պայմանին: Դուք և՞ս նման տպավորություն ունեք:

– Գիտեք, այստեղ ավելի խորքային հարցեր կան: Դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված երկիր չի, ԼՂՀ-ն Հայաստանի մի մասը չի, և քաղաքական առումով, բնականաբար, սպասելի էր, որ նման պայման կդրվի: Ես ինքս մտածում եմ, որ Ռուսաստանն ինքը կուզենա, որ Ղարաբաղն էլ լինի ԵՏՄ կազմում, բայց կան քաղաքական իրավիճակներ, երբ հնարավոր չէ ամեն ինչ անել այնպես, ինչպես ուզում ես:

 

 

Տեսանյութեր

Լրահոս