Օթթինգերն Ուկրաինայի համար ռուսական գազի ընդունելի գին է համարում 350-390 դոլարը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերն Ուկրաինային կոչ է արել կատարել այս երկուշաբթի հրապարակված փոխզիջումային որոշման պայմանները, որը նախատեսում է մինչև հունիսի 7-ը մարել 2.5 միլիարդ դոլարի գազային պարտքը:
Օթթինգերը կարծում է, որ Ուկրաինայի համար ռուսական գազի ընդունելի գինը կարող է լինել հազար խորանարդ մետրի համար 350-390 դոլարի սահմաններում՝ այս տարվա երկրորդ եռամսյակում սահմանված 485 դոլարի փոխարեն. «Դա խելամիտ գին է»:
Այսօր Բեռլինում էներգետիկայի նախարարների մակարդակով պետք է անցկացվի ԵՄ-ի, ՌԴ-ի ու Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երրորդ փուլը, որի ժամանակ կողմերը կփորձեն լուծել վիճելի հարցերը: Ռուսաստանը հայտարարել է, որ մայիսի սկզբի դրությամբ Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 3.5 միլիարդ դոլար:
Ուկրաինայի իշխանությունները «Գազպրոմից» պահանջում են, որ նա պահպանի 1000 խորանարդ մետր գազի համար 268.5 դոլար գինը, որը գործել է այս տարվա առաջին եռամսյակում՝ սպառնալով, որ դա չանելու դեպքում կդիմի դատարան: