
Ինձ ցանկանում են ձերբակալել. Լեյլա Յունուս

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը դիմել է հանրությանը՝ հայտնելով, որ իրավապահ մարմինները շարունակում են ճնշումներ գործադրել իր վրա:
Լեյլա Յունուսը չի բացառել, որ ոստիկաններն այսօր կարող են հայտնվել իր բնակարանում և ձերբակալել իրեն. «Ես մշտապես օգնել եմ ձեզ, երբ նրանք խախտել են ձեր իրավունքները, երբ ավերել են ձեր տները, երբ բռնություններ են գործադրել ձեր նկատմամբ: Այժմ պարզապես խնդրում եմ դուրս գալ Սովետսկայա փողոց և ծափահարել այդ ոստիկաններին»:
Նախօրեին Լեյլա Յունուսին կանչել էին Գլխավոր դատախազություն՝ կապված մի շարք ՀԿ-ների գործերը հետաքննելու հետ: Յունուսը հրաժարվել էր ներկայանալ հարցաքննման՝ պահանջելով իրեն ու իր ամուսնուն վերադարձնել իրենց անձնագրերը, որոնց ապօրինաբար վերցրել են մեկ ամիս առաջ: Այսօր ոստիկանությունն ու դատախազությունը կարող են Յունուսին բռնի տանել հարցաքննման: