«Նազարբաևի հայտարարությունից Հայաստանին ոչ մի վնաս չկա». Ահարոն Ադիբեկյան

«Նազարբաևը պարտավոր է իր գործընկերոջ` Ադրբեջանի շահերը որոշ չափով պաշտպանել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով` երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի այն հայտարարությանը, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը այնպես, ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանն է անդամակցել, այսինքն` ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում:

«Մի մոռացեք, որ Ղազախստանը թուրքալեզու երկրների ակտիվ միավորման երկիր է`Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ, նրանք նպատակ ունեն հետագայում միավորել և´ Թաթարստանը, և´ Յակուտիան, ինչու չէ, նաև Չուվաշիան, որն իրեն այնքան էլ թուրքալեզու չի համարում: Նազարբաևը պարտավոր է իր գործընկերոջ` Ադրբեջանի շահերը որոշ չափով պաշտպանել: Դա շատ նորմալ է, և ես դրանից Հայաստանին ոչ մի վնաս չեմ տեսնում, որովհետև Ղարաբաղից արտահանվող ապրանքները, նշվում են որպես Հայաստանում արտադրված և արտահանվում են որպես Հայաստանի ապրանք: Ոչ մի երկիր Ղարաբաղի հետ պայմանագիր չի կնքի, քանի որ նա իրավական առումով քարտեզի վրա գոյություն չունի: Նույնը կլինի և այս դեպքում, ապրանքը կներկրվի Հայաստան ու կվճարվի նույն այդ կադաստրում: Հիմա, ինչ ուզում են` թող մտածեն ու անեն: Ադրբեջանը, երբ Վրաստանից  ապրանք է գնում, որտեղ կա հայկական հումք, տեխնոլոգիա, կապիտալ, նա հրաժարվում է այդ ապրանքը գնելուց, նրանք հասել են աբսուրդի այդ աստիճանի: Ինձ թվում է` Մաքսային միությունը չի գնա նման քայլերի, որոշել` այդ ապրանքը Հայաստանն է արտադրել, թե Ստեփանակերտը, կարևորը, որ նա ստանում է մեր իրավական նշանները, որ դա հայկական ապրանք է, չեմ կարծում, որ Ղարաբաղը դրանից ինչ-որ մի բան կկորցնի»:

Հարցին, թե կլինե՞ն անցակետեր Հայասատնի և Ղարաբաղի միջև,սոցիոլգն ասաց. «Ամեն ինչ կախված է, թե Մաքսային սահմանների պաշտպանությունը ինչպես կլինի: Ղարաբաղի հարավային սահմանը Պարսկաստանի հետ միայն հայերն են պաշտպանում, ռուսական զորք չկա: Նույնն էլ չկան սահմանագծեր ու սահմանային զորամասեր Ղարաբաղի և Հայաստանի միջև: Այսինքն` մեր սահմանները թափանցիկ են: Եւ եթե մաքսային միությունը պահանջի ինչ-որ նման սահմաններ, հարց է ծագում, թե ինչո՞ւ են դա անում, և ո՞նց են անում: Պայմանագրերով կարելի է դա կարգավորել և այդ հարցերը լուծել»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս