Կգնահատվեն ներկրվող սարքավորումների և դեղերի որակն ու պիտանիությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտին վերաբերող, մասնավորապես Հայաստանին տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովման հարցը:

Նախարարը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց բարերարին երկարամյա հայրենանպաստ գործունեության համար:

Անդրադառնալով Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործում Հարութ Սասունյանի մեծ ներդրմանը` Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկրվող սարքավորումների հարցում առաջին հերթին պետք է կարևորվի որակը և պիտանիության ժամկետը:

«Յուրաքանչյուր բժշկական կենտոնի ղեկավար այս կամ այն բժշկական սարքավորման անհրաժեշտության մասին խոսելիս պետք է հիմնավորի, թե ի՞նչու է ցանկանում ձեռք բերել այն, զարգացման ի՞նչ հստակ ծրագրեր է ապահովում այդ սարքավորումը»,- ընդգծեց Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` սարքավորումներով բժշկական հաստատությունների համալրումը պետք է ինքնանպատակ չլինի, քանի որ այդ դեպքում արդյունավետ չեն օգտագործվում ծախսված ժամանակը, ֆինանսական միջոցները, ինչպես նաև մարդկանց վստահությունը:

Առողջապահության նախարարը կարևորեց նաև բնակչությանը դրամադրվող դեղերի սպառման մեխանիզմների և ժամկետների քննությունը, հաշվի առնելով, որ ոչ միայն Երևանի, այլև մարզային շատ բուժհաստատություններ ապահովված են նորագույն սարքավորումներով:

Հարութ Սասունյանը նշեց, որ շուրջ 25 տարի աշխատում է տարբեր պետական կառույցների հետ, սակայն ամենասերտ համագործակցությունն առողջապահության նախարարության հետ է:

«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»,- ասաց Հարութ Սասունյանը:

Արմեն Մուրադյանն առաջարկեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահին ստեղծել միասնական հանձնաժողով, որը կկարողանա իրականացնել ներկրվող սարքավորումների և դեղերի գնահատում ոչ միայն ֆինանսական, այլև պիտանիության ժամկետի, վերաբաշխման տեսանկյունից:

Առողջապահության նախարարի գործնական առաջարկը ողջունեց Հարութ Սասունյանը: Հաձնաժողովի կազմում կներգրավվեն նաև նրա կողմից առաջարկված ներկայացուցիչներ:

Նշենք, որ նախօրեին, ուշ երեկոյան Արմեն Մուրադյանը Հարութ Սասունյանի հետ այցելել էր հումանիտար բազա` ծանոթանալու արդեն մաքսազերված սարքավորումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները իմունականխարգելման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս