Ադրբեջանը պլաններ չունի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին. Նովրուզ Մամեդով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հաստատել է, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին:

Մամեդովը հայտարարել է, որ պետք է նորմալ համարել Եվրասիայի տարածքում նոր կառույցի ստեղծումը՝ ընդգծելով, որ իրենց հետաքրքրում է այդ կառույցին Հայաստանի անդամակցելը, թե ինչ պայմաններում է արվելու դա. «Նախագահի նամակի էությունը կայանում էր հետևյալում.

եթե Հայաստանն ընդունվելու է այդ միության մեջ, ապա պետք է պահպանվեն միջազգային իրավական նորմերն ու սկզբունքները: Դրանում ընդգծված է, որ քանի որ այդ երկրների ղեկավարները լավ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի հետ, պետք չէ կատարել այնպիսի քայլեր, որոնք կվնասեին Ադրբեջանի շահերին:

Նամակն անմիջապես արժանացավ դրական գնահատականի: Ղազախստանի նախագահ Նազարբաևն ասաց, որ իրենք պետք է ուշադիր լինեն այդ հարցը քննարկելիս և թույլ չտան Ադրբեջանի դժգոհության հարուցում:

Ադրբեջանը պլաններ չունի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին: Մենք դեռ չենք մտածում այդ մասին: Մեզ միայն հետաքրքրում է այդ կառույցին Հայաստանի անդամակցելը»:

Տեսանյութեր

Լրահոս