Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովը Բոդրումում կանցկացվի հունիսի 4-5-ին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թյուրքական խորհրդի (թյուրքալեզու երկրների ղեկավարների) գագաթաժողովը կանցկացվի հունիսի 4-5-ին, Թուրքիայի Բոդրում քաղաքում:
Գագաթաժողովի շրջանակներում հունիսի 2-3-ին տեղի է ունենալու բարձրաստիճան անձանց հանդիպում, իսկ հունիսի 4-ին՝ արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Պետության ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին: Այս մասին հայտնել է կազմակերպության քարտուղարությունը:
Թյուրքալեզու երկրների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան) ղեկավարների նախորդ գագաթաժողովն անցկացվել է Նախիջևանում: Ակնկալվում է, որ այս տարի գագաթաժողովին մասնակցելու է նաև Թուրքմենստանի նախագահը: Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղզստանի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա:
Հիշեցնենք, որ թյուրքալեզու վեցերորդ երկիր համարվող Ուզբեկստանը վարում է թուրքական ազդեցության զսպման կոշտ քաղաքականություն: Ուզբեկստանի ղեկավարությունը մասնավորապես պայքարում է Թուրքիայի տնտեսական և մշակութային ազդեցության դեմ:
Ի դեպ, մի քանի տարի առաջ, երբ Ուզբեսկտանի նախագահ Իսլամ Կարիմովը Տաշքենդի օդանավակայանում դիմավորում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, կատակով ասել էր. «Նեղաչյաներն այստեղից հեռացան ձիերով, կապուտաչյաները վերադարձան ինքնաթիռով»: Դա Թուրքիայում բուռն քննարկումների տեղիք էր տվել: