Բաժիններ՝

Հայաստանում դիմորդների թիվը նվազել է (տեսանյութ)

Այս տարի Հայաստանի բուհերի դիմորդների թիվը նվազել է: Այս մասին նշում են տարբեր բուհերի ընդունող հանձնաժողովների անդամները: Այս պատկերը արտացոլված է ոչ միայն մի քանի հաստատություններում, այլ գրեթե բոլոր բուհերում:

Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա ակտիվությունը մի փոքր զիջում է նախորդ տարվան. «Այս պահի դրությամբ ունենք մոտ 250-ով պակաս դիմորդ` անցյալ տարվա համեմատ: Այսօրվա տվյալներով ունենք մոտ 2700 դիմորդ, կարծում եմ` դեռ 3 օր ունենք, կգան դեռ: Մենք ավելի շատ տեղեր ունենք, որ պետք է լրացվեն, բնագիտական առարկաներից»:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանն էլ նշեց, որ իրենց համալսարանում ուսանողների թվի նվազում կա. «Համեմատած անցած տարիների հետ, իհարկե, դիմորդների թիվն այս տարի նվազել է: Դեռ նախորդ տարի արդեն զգացվել էր դա: Դա, ընդհանրապես, մեր երկրի խնդիրն է, որովհետև ընդհանուր ավարտողների` աշակերտների քանակը նվազել է այս տարիների ընթացքում: Եվ պետության կողմից նաև պետք է ամեն ինչ արվի, որ շտկվի այդ վիճակը: Մինչև այսօր մենք ունենք ընդհանուր առմամբ 510 դիմորդ: Մեր բուհը մի քիչ սպեցիֆիկ է, ու հույս ունենք, որ ամեն դեպքում, մենք մեր քանակը կհավաքենք»:

Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոնստանտին Մանուկյանը, սակայն, նշեց, որ իրենց համալսարանում առանձնապես մեծ փոփոխություն չկա՝ համեմատած նախորդ տարիների հետ. «Օրվա կտրվածքով մի փոքր նվազել է, բայց կարծում եմ մինչև ամսի մեկը (դեռ 4 օր կա) կհասնի այն թվերին, որոնց ամեն տարի հասել ենք: Ամեն տարի մենք մոտավորապես 900-1000 դիմորդ ենք ունենում, այս պահին ունենք 800 դիմորդ, դեռևս չորս օր կա և մեծ տարբերություններ ես չեմ սպասում»:

Նա նշեց, որ իրենց բուհը առանձնահատուկ է. «Այնպես չի` դիմորդն առավոտյան արթնանում է, որոշում է գալ բժշկական համալսարան: Սա այն մասնագիտությունն է, որ մանկուց երեխան երազում է, նրա մոտ ձևավորվում է բժշկի, մարդասիրական մասնագիտություն: Ու արդեն բժշկական համալսարան է գալիս կողմնորոշված դիմորդը, և դա է հիմնական պատճառը, որ մենք տարիների վրա մեծ տարբերություններ չեն ունենում»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս