
Ուկրաինան հաստատել է Ռուսաստանին ունեցած իր գազային պարտքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հաստատել է Ռուսաստանին ունեցած իր գազային պարտքը, որն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2.2 միլիարդ դոլար:
Այս մասին Ռուսաստանի կառավարության ու նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նրա խոսքերով՝ Կիևը համաձայնվել է ինչպես պարտքի առկայությանը, այնպես էլ պարտքի չափին:
Նովակը հայտարարել է, որ Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա բանակցությունների հերթական եռակողմ փուլը կանցկացվի մայիսի 30-ին, և որ դրա ժամանակ կարող է բարձրացվել Կիևի համար գազային զեղչ անելու հարցը:
Ընդ որում, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ խոսքը գնում է հենց արտոնությունների և ոչ թե բազային գնի նվազեցման մասին, որը ներկա դրությամբ 1000 խորանարդ մետրի համար կազմում է 485 դոլար: Դրանով իսկ վերանայման չեն ենթարկվի 2009 թվականին կնքված գազային պայմանագրերը: