Ալեքսանդր Ամարյանը՝ Հայր Կոմիտասի մեքենան ջարդելու մասին. Մարդը ոչ մեկի ոտքերի տակ սապոն չի դրել, ոչ էլ ինչ-որ պաշտոնի հավակնություն ունի
Վերջերս «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը մեկնաբանություն էր թողել մայիսի 23-ին Հայր Կոմիտաս Հովնանյանի մեքենայի ապակիները ջարդելու, որոշ աքսեսուարներ վնասելու, ինչպես նաև մեքենայի նվագարկիչը գողանալու մասին aysor.am կայքի հրապարակման տակ:
Հիշեցնենք, որ այդ դեպքի գլխավոր կասկածյալն է համարվում Երևանի Ավետարանչական եկեղեցու հովիվ Լևոն Բարդակչյանը, ում անունով գրություն էին թողել հայր Կոմիտասի մեքենայի մեջ:
Նշենք նաև, դեպքը տեղի է ունեցել Լևոն Բարդակչյանի կողմից հայր Կոմիտասի դեմ արած հայտարարությունից որոշ ժամանակ անց, ինչը հայր Կոմիտասին ավելի է համոզում, որ արարքի հեղինակը նա է: Ալեքսանդր Ամարյանն իր մեկնաբանության մեջ գրել էր, որ համաձայն Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առաջարկում է՝ որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել և լուծարել Ավետարանչական եկեղեցին, իսկ ամբողջ գույքը հանձնել մանկատներին: 168.am-ն այս մասին զրուցեց Ալեքսանդր Ամարյանի հետ:
– Ինչո՞ւ եք համոզված, որ այդ դեպքի մեղավորն Ավետարանչական եկեղեցու հովիվն է եղել:
– Ես չեմ ասել, որ այդ հովիվն է արել: Եթե խոսքը գնում է այն մասին, որ դա կազմակերպել է Ավետարանչական եկեղեցու հովիվը, և եթե հաշվի առնենք, որ դա նրանք են արել, միանշանակ գալիս է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը` հասարակական անվտանգության, երբ անձի կյանքին և գույքին վտանգ է սպառնում: Եթե նա արել է դա՝ որպես եկեղեցական հարց, դա միանշանակ այդ կետի տակ պետք է նայել: Բայց Հայաստանում, ինչպես ընդունված է, նման քայլի չեն գնա:
– Բայց նախ չպե՞տք է հաստատվի, որ դա նրանք են արել:
– Դե ես սրա վերաբերյալ գիտեմ մի քանի դեպք: Մի քիչ ինձ մոտ տեղեկատվությունն ավելի շատ է: Օրինակ, ինչի՞ համար այս խոսակցությունը գնաց. այս վերջերս խոսակցություն գնաց, թե իբր ինչ-որ մեկն ուղարկվել է Բարդակչյանին դանակով հարվածելու: Բայց այդ նույն պատմությունը կրկնվել է մի 10 տարի առաջ Հայ Ավետարանչական եկեղեցու ղեկավարներից մեկի հետ: Եվ դրա հետևանքով քրեական գործ էր հարուցվել ու պարզվել էր, որ ոչ թե ինչ-որ հոգևորականի կողմից էր եղել, այլ այդ նույն ղեկավարը սեռական ոտնձգություն էր կատարել իր աշխատողի նկատմամբ, ու այդ աշխատողի ամուսինն էլ խփել էր նրան:
Այստեղ պատճառը պետք է պարզաբանվի ի սկզբանե: Երբեք ոչ ոք իրավունք չունի մեղադրանք տալու: Եթե Ավետարանչականն իրավունք ունի մեղադրելու Կոմիտասին` Հայր սուրբին, ինչո՞ւ նրանք չեն կարող մեղադրել Ավետարանչականին: Իսկ դա իմ կարծիքն է, եթե նա մեղավոր է, ապա պետք է օրենքը կիրառվի: Դա, այսինքն, իմ կարծիքը չէ, դա արդեն հետաքննության պատմություն է, որը պետք է հետաքննվի, պարզվի` ով է արել: Պարզվելուց հետո դա հիմք կդառնա՝ դատարան դիմելու ու փակելու համար: Իսկ հիմա ինքս կարող եմ հիմնավորել Հայ Ավետարանչականի վտանգի մասին` կապված Արագածոտնի մարզի հավատացյալներին առանց հավատքատեղերի թողնելու հետ:
500 հավատացյալ դուրսն են մնացել: Մարդկանց հեռացրել են, քանի որ նրանք իրենց դեմ խոսել են` բացահայտել են իրենց միջի խախտումները, հովվի կարգադրությամբ աշխատողներին հեռացրին, 500 հավատացյալ մնաց դուրսը, ոչ հավատքատեղ ունեն, ոչ մի բան: Սա արդեն անվտանգության հարց է: Ինչի՞ համար: Ինչ-որ անձնական կռվի, զրույցի համար: Հիմա այդ դատական պրոցեսն ընթանում է:
Հիմքեր կան, հայ Ավետարանչականը հակաքաղաքացիական գործունեություն է անում, չեմ ասում՝ հակապետական, ու այդ պրոցեսը հիմա դատարանում լսվում է:
Հիմա, եթե դրանից հետո դա հիմնավորվի, մենք մեր կառույցով կքննարկենք այդ կառույցը փակելու հարցը: Ճիշտ է, կարող է՝ չփակենք, հավատը շատ քիչ է, արտասահմանն ինքն իրենով փակում է, սահմանափակում է, իսկ Հայաստանը միշտ վախենում է, բայց բոլոր սիտուացիոն հիմքերը կան, որ մարդիկ հակաիրավական գործունեությամբ են զբաղվում: Հայաստանում իրավական մարմիններում կրոնական մասնագետ չունենք, իսկ եթե չունենք, ո՞նց ենք քննելու այդ հարցը:
– Ինչպե՞ս պետք է գործը բացահայտվի, եթե անհայտ մեկն է եկել ու ջարդել մեքենայի ապակիները:
– Անհայտ մեկն է եկել, բայց գրել է Բարդակչյանի անունը, ու ես չեմ կարծում, որ դա մեր Առաքելական եկեղեցու հետևորդներից լինի:
– Հնարավոր չէ՞, որ դա հենց Լևոն Բարդակչյանի անձի դեմ ուղղված քայլ լինի, քանի որ դժվար է մտածել, թե ինքը կաներ այդ քայլն ու իր անունը կգրեր այնտեղ:
– Հնարավոր է՝ այդպիսի բան լինի միայն մի դեպքում` Հայ Ավետարանչական եկեղեցու կողմից: Քանի որ, ինչքան ես եմ հիշում՝ սկզբնական շրջանում այդ կառույցի ղեկավարը Լևոն Բարդակչյանն էր, հետո, երբ Արմեն Լևոնյանը եկավ, նրա ձեռքից այդ պաշտոնը խլեցին, ու ինքը բացեց իր երևանյան ավետարանչականը: Այսինքն, իրենց մեջ այդ մրցակցության հարցերը կան` Լևոն Բարդակչյան, Արմեն Լևոնյան և հիմնական գործողները: Ոչինչ ես չեմ բացառում:
– Այսինքն՝ հնարավո՞ր է նաև, որ Առաքելական եկեղեցու հետևորդներից մեկը դա արած լինի:
– Ոչ, քանի որ Առաքելական եկեղեցու հետևորդների համար, ցավոք, միայն կողքից խոսելն է, ոչ մեկը գործողություն կատարելու համար պատրաստ չէ: Այսպիսի բան կա, դու արա, լավ ես անում, բայց մեզնից հեռու: Նրանք կալարեն նման բան անել: Եթե ուրիշ մեկը լիներ, էլի կարելի էր ինչ-որ բան մտածել, բայց ոչ Հայր Կոմիտասի դեպքում: Մարդը զբաղվում է երեխաներով, աղանդների դեմ պայքարով և ոչ մեկի ոտքերի տակ սապոն չի դրել, ոչ էլ ինչ-որ պաշտոնի հավակնություն ունի: