
Մենք կատարեցինք մեր գլխավոր առաջադրանքը՝ կանխել արյունահեղությունը. Անկվաբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է կատարել իրենց գլխավոր առաջադրանքը՝ կապված ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով ստեղծված իրավիճակի հետ, և կանխել արյունահեղությունը:
Նիստի մասնակիցները հայտարարել են, որ ցուցարարների պահվածքը կարող էր առաջացնել իրադարձությունների զարգացման նման սցենար: Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են ստեղծված իրավիճակը և իրավիճակի կարգավորման հարցերը:
Երեկ երեկոյան աբխազական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց վերահսկողությունն են հաստատել աբխազական վարչակազմի շենքի վրա և հայտարարել են, որ հանրապետության ղեկավարումը ժամանակավորապես վերցնում են իրենց ձեռքը:
Ընդդիմությունը պահանջում է Անկվաբի հրաժարականն ու իշխանական համակարգի բարեփոխումներ: Այդ իրադարձություններին նախորդել էր Սուխումում՝ կառավարական շենքերի համալիրի մոտ, բազմահազարանոց հանրահավաքի անցկացումը:
Սրանից առաջ Աբխազիայի ուժային կառույցների ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որում իրենց աջակցությունն էին հայտնել օրինական ճանապարհով ընտրված նախագահ Անկվաբին: