Գողական մտածելակերպը թափանցել է յուրաքանչյուր տուն ու հաստատություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում է՝ ի՞նչ մի մեծ բան է եղել որ. ներողամիտ են գտնվել ոմանց նկատմամբ: Օրինակ, Սուրիկ Խաչատրյանի տղայի կամ զարմիկների նկատմամբ: Հիմա էլ Կարո Կարապետյանի փեսան է հերթի:

Բայց այս «ներողամտությունը» նոր չի սկսվել՝ տարիներ առաջ էլ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահին ներեցին: Նրան, ում Կուկու էին ասում իր շրջապատում: Բանն իհարկե ներողամտության մեջ չէ: Ի վերջո, Աստված ասում է՝ ներիր, ներողամտությունը Մեծերին է բնորոշ:

Բայց խնդիրն այն չէ, որ մի քանի երիտասարդ բանտ չեն նստի կամ մեղմ պատժի կարժանանան: Խնդիրը պատժի դաստիարակիչ ուժի կորուստն է, որը մեր իշխանությունները հետևողականորեն առաջ են տարել այս տարիներին՝ փչացնելով բոլորին ու ամեն ինչ: Մի կողմից հանրությանն ապացուցելով, որ պատժող մարմինները կառավարելի են, իսկ պատիժը մեզանում ընտրովի է կիրառվում:

Մյուս կողմից՝ հանցագործություն կատարողներին ցուցադրելով, որ կարող են ազատվել պատժի կրումից, եթե արտոնյալ խավի ներկայացուցիչ են կամ իշխանություններին որոշակի ծառայություններ են մատուցել: Եվ ի՞նչ է ստացվել արդյունքում. հանցագործները դարձել են լկտի ու անամոթ, հասարակությունը՝ վախեցած ու անպաշտպան:

Նաև գողական կանոններն են ծաղկել. չէ՞ որ շատերն անգամ ոստիկանություն չեն դիմում, այլ հանցագործություն կատարած անձին պատժելու համար հաճախ հենց այդ գողականներին են դիմում կամ՝ «սամասուդի»: Եվ գողական մտածելակերպը թափանցել է յուրաքանչյուր տուն ու հաստատություն: Նախօրեին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները, օրինակ, Յուվեցի Կարոյի փեսայի դեպքի առնչությամբ հենց այդ մասին էին խոսում»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս