Օբաման հաստատել է, որ տարեվերջին Աֆղանստանում կմնա 9800 ամերիկացի զինծառայող
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հաստատել է, որ պլանավորում է այս տարի ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանում թողնել 9800 զինծառայող.
«Ամերիկյան ռազմական առաքելությունն ավարտվում է այս տարեվերջին: Հաջորդ տարվանից սկսած՝ աֆղաններն ամբողջովին պատասխանատու են իրենց երկրի անվտանգության համար: Ամերիկացի զինվորականները կստանձնեն խորհրդականի դեր, այլևս պարեկություն չեն կատարի Աֆղանստանի քաղաքներում, լեռներում ու հովիտներում: Դա աֆղան ժողովրդի առաջադրանքն է:
Ամերիկացի զինվորականները կօգնեն Աֆղանստանի բանակին ու կկասեցնեն «Ալ-Քաիդայի» գործունեությունը: Մինչև 2015 թվականի ավարտն ամերիկյան զորքերը կկենտրոնանան Քաբուլում ու Բագրամի ավիաբազայում՝ իրենց թվակազմը նվազեցնելով կիսով չափ, իսկ մինչև 2016 թվականի ավարտը երկրում կմնան միայն Քաբուլի դեսպանատան անվտանգությունն ապահովող զինվորականները»:
Օբաման հաջող է անվանել Աֆղանստանում ամերիկյան բանակի բազմամյա ներկայությունը՝ ընդգծելով կատարված մեծ ծավալի աշխատանքը, ընդ որում, թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական պլանում: Օբաման հիշեցրել է, որ կատարել է 2008 թվականի նախընտրական խոստումները՝ կապված Իրաքում ու Աֆղանստանում պատերազմներն ավարտելու հետ:
Օբաման հայտարարել է, որ երբ զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, մարտական գոտիներում գտնվել է 180.000 ամերիկացի զինծառայող, մինչդեռ այս տարեվերջին նրանց թիվը չի հասնի անգամ 10.000-ի: