Փոխվարչապետը ներկա գտնվեց ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում Երեւանում մեկնարկած դասընթացների բացմանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Երեւանում մեկնարկած «Հանրային կառավարման բարեփոխումները տեղական եւ տարածքային մակարդակներում» թեմայով դասընթացների բացմանը: Ինչպես տեղեկացնում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, միջոցառումն անցկացվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» հարթակի հանրային կառավարման աշխատանքային խմբի շրջանակում եւ նախատեսված է Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների փորձագետների համար:
Հանդես գալով բացման խոսքով՝ փոխվարչապետը ողջունեց մասնակիցներին եւ կարեւոր ու օգտակար համարեց նախաձեռնությունը: Ըստ նրա՝ ընտրված թեման խիստ արդիական է Հայաստանի համար, եւ միջոցառումը լավ հնարավորություն է՝ կոնկրետ ոլորտում այլ երկրների փորձին ծանոթանալու, ավելի արդյունավետն ու առաջավորը հետագայում տեղայնացնելու համար:
Դասընթացին մասնակցում են փորձագետներ ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ Եվրամիության անդամ երկրներից: Արեւելյան գործընկերության տարբեր երկրներում կազմակերպվող դասընթացների նպատակը հանրային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն է: