Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ահմեթ Դավութօղլուի հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է նոր ձևաչափով Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կարրևորությունը և վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումը կլինի հաջող:
Ալիևի խոսքերով՝ արտգործնախարարների մակարդակով նման հանդիպումները արդյունավետ ձևաչափ են՝ քննարկելու համար երկրների միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ավելի ընդլայնելու հարցը:
Դավութօղլուն իր հերթին ընդգծել է նոր ձևաչափի կարևորությունը՝ հիշեցնելով, որ «Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան» ձևաչափից բացի, գոյություն ունեն նաև «Թուրքիա-Իրան-Ադրբեջան» ու «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան» ձևաչափեր:
Հիշեցնենք, որ Թուրքիան մեծապես շահագրգռված է, որ թուրքմենական գազը «Անդրկասպյան» գազատարով (Կասպից ծովի հատակով) հասցվի Ադրբեջան, որտեղից էլ այն կարող է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան), «Անդրանատոլիական» (TANAP) ու «Անդրադրիատիկ» (TAP) գազատարներով Թուրքիայի տարածքով ուղարկվել Եվրոպա, ինչը կմեծացնի Թուրքիայի՝ էներգետիկ միջանցքի նշանակությունը: