
Կառավարության ծրագիրն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային ժողովում 69 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Հանրապետականները որոշումը ծափերով ընդունեցին:
Կողմ է քվեարկել միայն ՀՀԿ-ն և նույն պահին ՕԵԿ-ից դուրս եկած Կարեն Բոթոյանը, դեմ է եղել միայն Խաչատուր Քոքոբելյանը:
Նախքան քվեարկությունը պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին որոշել են ձեռնպահ քվեարկել, քանի որ ավելի շատ կետեր կան, որ ծրագրում չեն ընդգրկվել: Նա նշեց, որ նաև խորհրդակցել են Արծվիկ Մինասյանի հետ և պատրաստ են կառավարության հետ աշխատելու կուտակայինի մասով, որ ճիշտ լուծումներ գտնեն: Բագրատյանը կոչ արեց Հովիկ Աբրահամյանին՝ չշտապել փաթեթն ԱԺ բերելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ միասնական մերժումը արտահայտում են՝ հրաժարվելով քվեարկությունից:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ Կարեն Բոթոյանը խմբակցությունից դուրս գալու մասին իր դիմումը ներկայացել է որպես «գործարար-պատգամավոր», իսկ գործարար մարդը չի կարող տեսակետ ներկայացնել և չանել այնպես, ինչպես պետք է կառավարությանը. «Ճիշտ պահվածքի մասին ավելորդ է կառավարության հետ խոսել»: