Forbes-ը Երևանը ներառել է բիզնես վարելու տեսանկյունից գրավիչ 20 հետխորհրդային քաղաքների թվում
Forbes պարբերականն այս տարի առաջին անգամ ներկայացրել է հետխորհրդային քաղաքների վարկանիշային աղյուսակը, որոնք բիզնես վարելու տեսանկյունից գրավիչ են ռուսաստանցիների համար:
Տվյալ հարցում հաշվի են առնվել բնակչության վճարունակությունը, հարկային ծանրաբեռնվածությունը, վիզային ռեժիմի առկայությունը, ռուսերենի կարգավիճակը, ընկերության գրանցման պայմանները:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդհանուր առմամբ տեղ է զբաղեցրել հետխորհրդային 20 քաղաք՝ Մինսկ, Տալին, Վիլնյուս, Ալմաթի, Աստանա, Ռիգա, Կիև, Երևան, Թբիլիսի, Բաքու, Խարկով, Բիշքեկ, Օդեսա, Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ, Քիշնև, Դուշանբե, Աշգաբադ, Տաշքենդ: Մոսկվայի տվյալները վերցվել են որպես ցուցիչ:
Երևանի հետ կապված՝ նշված է, որ նրա բնակչությունը կազմում է 1.130.000 մարդ, ռուսների մասնաբաժինը՝ 0.6 տոկոս, միջին աշխատավարձը՝ 415 դոլար: 2013 թվականին Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է 1.87 միլիարդ դոլար, ինչը համադրելի է օտար ներդրումների ծավալի (1.94 միլիարդ դոլար) հետ:
2013 թվաանին Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 24.3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: 2013 թվականին խոշորագույն օտար մասնավոր ներդրող է ճանաչվել արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը, ով Հայաստանում ներդրել է 76 միլիոն դոլար: