
«Այս ամբիոնի և տեսախցիկների մեջ սատանայական բան կա». Վահրամ Բաղդասարյան

Կառավարության ծրագիրն իրատեսական է ու չափավոր: Նման գնահատական այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք խուսափել ենք գեղեցիկ բառերից, որ հետո դրանց ձեռը կրակը չընկնենք»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագրում մեծ տեղ է հատկացվում ներդրումների ներգարվմանը, բարենպաստ միջավայրի ստեղծմանը, գիտելիքի վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը և այլն: Ըստ Բաղդասարյանի՝ թվային տվյալները ծրագրում աղքատիկ են, բայց իրականացնելի և գլխավոր նպատակը բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման ապահովումն է:
«Այս ամբիոնի և տեսախցիկների մեջ սատանայական բան կա»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ պարզաբանելով, որ դահլիճից դուրս ընդդիմադիր պատգամավորները շատ կառուցողական մտքեր են հայտնում, իսկ ԱԺ նիստերի դահլիճում լրիվ այլ է: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն իրենց հայտարարություններով կաշկանդում են հենց իրենց երեխաներին:
«Մենք չենք զբաղվում նրանով, թե ով, ում բաջանաղը ինչով է զբաղվում»,- նկատեց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ զոռբայությամբ իշխանություն չեն վերցնում և զոռբայության համար չեն տալիս: