Բաժիններ՝

Պաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել

Հայաստանում կա հակակարկտային 442 կայան, 4 մարզային կենտրոն և 2 ռադիոլոկացիոն կայան: ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Կարապետյանը մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կայաններն աշխատում են բարձր արդյունավետությամբ:

Մարզային կենտրոնները Լոռու, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ ռադիոլոկացիոն կայանները՝ Արագածոտնի և Լոռու մարզային կենտրոններում: Հակակարկտային կայաններից 72-ը Լեռնային Ղարաբաղում են, 165-ը՝ Արմավիրի, 60-ը՝ Արագածոտնի, 60-ը՝ Արարատի, 45-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Կոտայքի, իսկ 6-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Նախորդ տարվանից որոշում կայացվեց ստեղծել 80 նոր հակակարկտային կայան, ինչպես նաև միասնական կառավարման համակարգ:

«Մինչ այդ գոյություն ուներ 136 հակակարկտային կայան, որոնք տարբեր սեփականության իրավունքով էին ու գործում էին ինքնակամ, ոչ արդյունավետ, կրակել-չկրակելու որոշումը կայացնում էին գյուղապետերը, սեփականատերերը:

Միասնական կառավարման համակարգ ստեղծելով՝ որոշվեց դրանք կառավարել կենտրոնից: Սկսած ապրիլի 23-ից՝ 136 հակակարկտային կայան անցել է միասնական հերթապահության, միասնական կառավարման: Արարատի մարզից հնարավոր է ղեկավարել Լոռու, Շիրակից՝ Արմավիրի մարզի կայանները, փոխադարձ օգնելու պրոցեսները բազմազան են»,- ասաց Ա. Կարապետյանը՝ նշելով, որ լոկատորի մոտ սահմանված է շուրջօրյա հերթապահություն. եթե հակակարկտային կայանը ֆիքսում է կարկտաբեր ամպեր, տարբերում է դրանք անգամ ամպամածության մեջ, հաղորդում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որն էլ սկսում է ղեկավարել այդ պրոցեսը:

Կարկտի հավանականությունը որոշվում է 100 տոկոս ճշգրտությամբ: Ա. Կարապետյանի խոսքով՝ եթե կայանները գործում են, ուրեմն կարկտի վտանգ կա, կայանները սովորական ամպամածության, սև ամպերի վրա գործելու հրահանգ չեն ստանում, եթե պրոցեսները կարկտաբեր չեն: ԱԻՆ ներկայացուցիչը նշեց, որ ապրիլ-մայիսին կայանները 77 անգամ ներգործություն են իրականացրել կարկտաբեր ամպերի վրա, և պաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:

«Հայաստանի Հանրապետությունը կարկտավտանգ երկիր է համարվում, տարածքի 90 տոկոսը կարկտաբեր է: Մեր կողմից հիմնականում պաշտպանվում է Արարատյան դաշտավայրի մեծ մասը, սակայն ունենք նաև համեմատաբար թույլ տեղեր՝ Լոռի, Արագածոտն»,- ասաց նա:

Կայանները, որ տեղադրված են Հայաստանում, ընդունված են Արգենտինայում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում: Ըստ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ բոլոր տիպի հակակարկտային միջոցներն ուսումնասիրվել են, բայց Հայաստանի տարածքում սրանք ավելի արդյունավետ են:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս