Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների փաստը հանրահայտ է. առողջապահության նախարար
Ադրբեջանական գերությունից վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների փաստը հանրահայտ է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Խոջոյանին կերոսին են ներարկել:
Ըստ Մուրադյանի՝ Խոջոյանը բազկի բազմաբեկոր վնասվածքներ է ունեցել, վիրահատվել է, մայիսի 3-ին դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ հետո գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Նախարարը նշեց, որ երբ քննությունն ավարտվի, բոլոր նյութերը պաշտոնապես կհրապարակվեն: Մուրադյանը միայն նշեց, որ նա մշտապես գտնվել է առողջապահական մարմինների հսկողության ներքո, վերջին 3 շաբաթվա ընթացքում 3 անգամ նրան բժշկական խումբ է այցելել՝ 3 մասնագետներից բաղկացած (նյարդաբան-հոգեբույժ, թերապևտ, վիրաբույժ), նաև ամեն օր բուժքույր է այցելել: Նրա խոսքով՝ առաջարկվել է նաև նրան հիվանդանոց տեղափոխել, բայց հարազատները հրաժարվել են, իսկ մայիսի 20-ին` ժամը 19:15-ին, հարազատներն ահազանգել են ու, թեև շտապ օգնությունը 15-րոպեում եղել է իր կողքին, այնուամենայնիվ փրկել չի հաջողվել, Մամիկոն Խոջոյանը մահացել է:
Հարցին, թե ի՞նչ վիճակում են «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվածները, Ա.Մուրադյանը պատասխանեց, որ բոլորն էլ բավարար վիճակում են, նրանցից 3-ն արդեն հիվանդասենյակներ են տեղափոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում