Ադրբեջանում դատախազն առաջարկել է 9 տարով ազատազրկել Անար Մամեդլիին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում երեկ տեղի է ունեցել Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ու ևս երկու ակտիվիստի՝ Բաշիր Սուելյմանլիի ու Էլնուր Մամեդովի գործով դատական հերթական նիստը, որում ելույթ է ունեցել պետմեղադրողը:
Նա առաջարկել է երեք ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով և Մամեդլիին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով պետական, մասնավոր ու հասարակական կառույցներում պաշտոններ ստանձնելու իրավունքից:
Պետական մեղադրողը Սուլեյմանլիի ու Մամեդովի համար առաջարկել է յուրքանչյուրին 8.5 տարվա ազատազրկում և 2 տարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում: Մեղադրողը նաև միջնորդել է փոխել խափանման միջոցը Սուլեյմանլիի ու Մամեդովի նկատմամբ և նրանց կալանքի տակ առնել դատարանի դահլիճում:
Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 26-ին: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Անար Մամեդլիին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Հիշեցնենք, որ Անար Մամեդլիին Ադրբեջանում կալանքի տակ են վերցրել նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին: Դրանից առաջ Մամեդլիի ղեկավարած կառույցը մոնիթորինգի էր ենթարկել 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ֆիքսել էր բազմաթիվ խախտումներ, որոնք էլ արտացոլվել էին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ու ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության հաշվետվությունում: ԱՄՆ պետդեպարտամենտն օրեր անց Բաքվից պահանջել էր անհապաղ ազատ արձակել Անար Մամեդլիին: