Իրանն ու ԱԷՄԳ-ը համաձայնեցրել են գործնական միջոցների երրորդ փաթեթը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ԱԷՄԳ-ը երեքշաբթի Թեհրանում անցկացրած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են գործնական միջոցների երրորդ փաթեթը՝ կապված Իրանի կողմից իրականացվող միջուկային հետազոտությունների վերաբերյալ մնացյալ հարցերը լուծելու հետ:
Այս մասին նշվել է երեկ կողմերի տարածած համատեղ հայտարարություննում: Մասնավորապես, փորձագետները պայմանավորվել են հստակեցնել Արակի ռեակտորի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ մոտեցումը, որի ապագան շարունակում է մնալ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկը:
Կողմերը պայմանավորվել են 5 հավելյալ միջոցի մասին, որոնք պետք է մինչև օգոստոսի 25-ն իրագործվեն որպես հետագա քայլ: Բացի այդ, Թեհրանը պարտավորվել է տեղեկատվություն տրամադրել և կազմակերպել տեխնիկական մասնագետների այցեր իր գիտատեխնիկական կենտրոն, ուր մշակվում են ցենտրիֆուգները, ինչպես նաև դրանց արտադրման գործարան:
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանն ու «Վեցյակը» առաջընթաց չեն գրանցել համապարփակ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Վիեննայում անցկացված բանակցային չորրորդ փուլի արդյունքներով: