Արմեն Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանի մասով որևէ քննարկում չկա
«Ո´չ, ո´չ, ո´չ»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության առաջիկա համագումարից հետո թողնելու է իր պաշտոնը և հեռանալու է Հայաստանից:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօրվա համարում գրել էր, թե առաջիկայում «Ժառանգություն» կուսակցության ներսում սպասվում են կտրուկ և անակնկալ փոփոխություններ, և կայանալիք համագումարից հետո կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը թողնելու է իր պաշտոնը և հեռանալու է երկրից, որից հետո ընտրվելու է կուսակցության նոր նախագահ: Ըստ «Հրապարակի»` կուսակցության նոր նախագահի հավակնորդներից մեկը լինելու է հենց Արմեն Մարտիրոսյանը:
«Ըստ մամուլի` Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս 1991 թ. պետք է Հայաստանը լքած լիներ, բայց մինչև հիմա նա Հայաստանում է բնակվում: Րաֆֆի Հովհաննիսյանի մասով որևէ քննարկում չկա, նմանատիպ որևէ խնդիր գոյություն չունի, իսկ մնացածն իր անձնական որոշման խնդիրն է: Նա եղել է, կա և մնալու է «Ժառանգության» առաջնորդը: Դա անվիճելի է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա մի ճշտում արեց` նշելով, որ համագումարը լինելու է ոչ թե հունիսի սկզբին, այլ հունիսի վերջին: Ինչ վերաբերում է համագումարին, ապա, Մարտիրոսյանի խոսքով, դրա ընթացքում կընտրվի կուսակցության նոր վարչություն, որն էլ կորոշի ղեկավար մարմնի պաշտոնները:
Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ իր մասին գրված տեղեկությանը: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը մի անգամ արդեն եղել է կուսակցության վարչության նախագահի պաշտոնում, և դրանում ինչ-որ արտառոց բան չկա. «Դա ինչ-որ առանձնահատուկ իրավիճակ չէ: Ե´վ ես եմ եղել վարչության նախագահ, և´ Անահիտ Բախշյանը: Ի տարբերություն այլ կուսակցությունների` Րաֆֆի Հովհաննիսյանն այնպիսի առաջնորդ է, որ հնարավորություն է տալիս իր գործընկերներին ևս կայանալ և դրսևորվել կուսակցական դաշտում»: