Գնումներ կատարելիս տնտեսելու յոթ պարզ խորհուրդ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գնումներ կատարելիս շատերին չի հաջողվում վերահսկել իրենց ծախսերը: Nestlé ընկերության փորձգետները խորհուրդ են տալիս գնումների ժամանակ հետեւել մի քանի կանոնների, որոնք թույլ կտան գնորդին տնտեսել եւ ավելի արդյունավետ գնումներ կատարել:
Ցուցակ կազմել
Փորձագետները խորհուրդ են տալիս մինչեւ սուպերմարկետ գնալը` տանն արդեն ցուցակ կազմել եւ սուպերմարկետում խստորեն հետեւել դրան: Եթե ողջ շաբաթվա համար եք նախատեսում գնում կատարել, ապա հարկավոր է գնել միայն ամենաանհրաժեշտ սննդամթերքը:
Նախապատվություն տալ սեզոնային մրգին ու բանջարեղենին
Սեզոնին համապատասխան միրգն ու բանջարեղենը գնելը ոչ միայն ավելի էժան է, այլեւ դրանք սեզոնին ավելի համեղ են: Իմաստ ունի նաեւ երկար պահպանվող սննդամթերք գնել, օրինակ` բրինձ:
Սուպերմարկետ պետք է գնալ կուշտ վիճակում
Մասնագետները խորհուրդ են տալիս գնումների գնալ ճաշելուց հետո, ոչ քաղցած, քանի որ այդ դեպքում մեծ է պահանջվածից ավելի շատ մթերք, ինչպես նաեւ ոչ օգտակար ու ոչ պիտանի սննդամթերք` կարկանդակներ, չիփսեր եւ այլն, գնելու հավանականությունը:
Ավելի շատ հատիկաընդեղեն
Nestlé –ի փորձագետները խորհուրդ են տալիս ավելի շատ բանջարեղեն եւ հատիկաընդեղեն` ոսպ, ոլոռ, սիսեռ, օգտագործել: Դրանք ոչ միայն օգտակար են, այլեւ թույլ են տալիս խնայել:
Սառեցրեք սննդամթերքը
Տնտեսելու միջոցներից մեկն էլ ավելացած սննդամթերքը սառեցնելն է: Նույնը կարելի է անել բանջարեղենի դեպքում: Համենայն դեպս, մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ սառեցնել, քան կիսաֆաբրիկատներ գնել:
Մտածեք քանակի մասին
Փորձագետները խորհուրդ են տալիս սննդամթերքը գնելուց առաջ մտածել, արդյոք իսկապես այդքան է հարկավոր, թե կարելի է ավելի քիչ քանակությամբ էլ «յոլա գնալ»:
Գնեք տեղացի ֆերմերներից
Կարելի է նաեւ սննդամթերքի որոշ տեսակներ ձեռք բերել ֆերմերներից: Դրանք կարող են եւ որակով ավելի լավը եւ էժան լինել: