Կոչ խնդրանք՝ ուղղված ՀՀ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետերին
Տարիներ շարունակ Մանկավարժական Համալսարանն ու Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոների : Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանn ու Գայանե Թադևոսյանը, այս փառատոների միջոցով մեծապես նպաստում են մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալի կազմակերպելուն:
Մայիսի 16-ին ՀՊՄՀ-ի նորակառույց շքեղ դահլիճում վերոնշյալ մարզերի և Երևանից 18 դպրոցների երգչախմբերը ներկայացան Կոմիտասի 145-ամյակին նվիրված հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոնի փակմանը: Էնտուզիաստ խմբավարները հիացրեցին իրենց նվիրյալ գործունեությամբ: Գիտենք, թե որքան ցածր է նրանց վարձատրությունը, բայց այս դպրոցների տնօրենների ու խմբավարների կամքը՝ մեր երեխաներին տալ գեղագիտական դաստիարակություն, արժանի է ջերմ խոսքերի ու խրախուսանքի:
Բոլոր խմբավարները շնորհակալագրեր ստացան Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ղուկասյանի ստորագրությամբ, ով նաև նվերներ է խոստացել բոլոր խմբավարներին:
Հարգելի մարզպետեր և Երևանի քաղաքապետ, երգչախմբի երեխաներն էլ արժանի են խրախուսման, իրենց անունից խնդրում եմ գտնել այդ երեխաներին խրախուսելու միջոց, ձեր ձեռքը քարի տակ չի, նրանք շա՜տ արժանի են և դուք նրանց հատկացրած ձեր համեստ ուշադրությամբ կոգևորեք երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն երգել ու ունենալ երջանիկ մանկություն:
Դուք կարո՛ղ եք երջանկացնել ձեր մարզի տվյալ դպրոցի երգչախմբի մասնակից երեխաներին: Ես նրանց խոստացա, որ հրապարակավ դիմելու եմ ձեզ:
Խոստումս նրանց շատ ոգևորեց: Կրկին ու կրկին անգամ խնդրում եմ երեխաներին հուսախաբ չանեք, որովհետև վստահեցնում եմ ձեզ, որ երեխաների ոգևորությունը կանցնի նաև ձեզ ու դուք նույնպես կերջանկանաք :
Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան, ձեզ հետ միասին՝ երեխաների բարեկամ