Մորնինգսթարը փորձում է ստվեր նետել ՌԴ-ի ու Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա. Մամեդով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն իր արտահայտություններով փորձում է ստվեր նետել հարևան երկրների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների վրա:

Մամեդովի խոսքերով՝ դա առաջին դեպքը չէ, նման փորձեր ձեռնարկվել են նաև նախկինում. «Դժբախտաբար, Արևմուտքում կարելի է շատ հաճախ նկատել նմանատիպ փորձեր: Հարևանների հետ Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, այդ երկրները մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հետ իրենց բարեկամական հարաբերություններին, բարձր են գնահատում դրանք և ձգտում են էլ ավելի խորացնել փոխադարձ կապերը»:

Մամեդովն ընդգծել է, որ լրագրողների հետ իր հանդիպումը հանդիսանում է ԱՄՆ դեսպանին յուրօրինակ պատասխան. «Ռիչարդ Մորնինգսթարը հարցազրույց է տվել, և ես՝ որպես պաշտոնյա, պատասխանում եմ նրան»:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Մորնինգսթարը դժվարացել էր պատասխանել այն հարցին, թե «Ուկրաինական իրադարձություններից հետո աճե՞լ, թե՞ նվազել է Ադրբեջանի անկախությունը» հարցին:

Մորնինգսթարը հայտարարել էր. «Ադրբեջանը դեռ չի բախվել ներխուժման, սակայն հնարավոր է, որ դրան բախվի ապագայում: Այդ պլանում ես շատ հետաքրքրական եմ համարում նախորդ տարի Վլադիմիր Պուտինի կատարած այցը Բաքու:

Շատերը դա վերծանում են որպես նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևին բաց աջակցություն, սակայն ես հակված եմ կարծել, որ դա եղել է Ադրբեջանի անկախության ճանաչում ու համագործակցության կոչ: Ես չգիտեմ Պուտինի մտադրությունների մասին, սակայն չեմ կարծում, թե Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ունենալ ընդհանուր սահման»:

Տեսանյութեր

Լրահոս