
Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել Ռուսաստանին

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին` կապված ռուս-ուկրաինական պետական սահմանին իրավիճակի վատթարացման հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Նոտայում Ուկրաինայի ԱԳՆ-ը նշել է, որ պետական սահմանին գրանցվել է իրավիճակի էական վատթարացում, ինչը, մասնավորապես, պայմանավորված է անդրսահմանային կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության ակտիվությամբ:
Ելնելով դրանից` Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ը ռուսական կողմին առաջարկել է անհետաձգելի միջոցառումների համալիր անցկացնել պետական սահմանին ու սահմանային շրջաններում` իրավիճակը կայունացնելու համար:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական կողմից արձագանքի բացակայությունն Ուկրաինան դիտարկելու է որպես Ռուսաստանի կողմից երկկողմ համաձայնագրերի դրույթներով ստանձնած պարտավորությունների խախտում: