«Ջահել տղա էր, արնաքամվում էր, այսքան ժողովուրդն օգնություն էին ցուցաբերում». Վերնիսաժում հնչած կրակոցների ականատես (տեսանյութ)
Այսօր Վերնիսաժում հնչած կրակոցները, ըստ ականատեսների՝ հնչել են ժամը 13:00-ի սահմաններում: «Մենք նույնիսկ մի պահ չհասկացանք՝ ինչպես եղավ»,- պատմեց ականատեսներից մեկը՝ նշելով, որ կրակոցներից հետո օգնություն են ցույց տվել վիրավորված երիտասարդ տղային:
«Վախեցանք, գնացինք: Խեղճ երեխանք այնտեղ պառկած էր, ջահել տղա էր, առաջին օգնություն էինք ցուցաբերում բոլորս էլ: Հետո ներքևից եկան, ասացին՝ երկու հոգի էլ՝ մի հատ խեղճ մարդ ու կնիկ, որ նստած էին, պատահական իրենց կպավ»,- պատմում էր ականատեսը:
Ականատես կինը պատմեց, որ ինքը երեք կրակոց է լսել: Կինը պատմեց, որ տեսել է միայն կրակոցների արդյունքում վիրավորված երիտասարդին. «Ջահել տղա էր, արնաքամվում էր, այսքան ժողովուրդն օգնություն էին ցուցաբերում»:
Տարածքում հավաքվածները բողոքեցին նաև, որ շտապօգնությունը դեպքի վայր է հասել բավական ուշ՝ դեպքից մոտ 40 րոպե անց:
Նշենք, որ դեպքի վայրում դեռ պահպանվել էին արյան հետքեը, տարածքում կային բամզաթիվ ոստիկաններ:
Ի դեպ, shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Վալերիկ Հարությունյանը, Մյասնիկ Հայրապետյանը, Ալբինա Բադալյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութը՝ շուտով:
Լուսանկարը՝ 1in.am-ի