
Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ. Գագիկ Ծառուկյանը` Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական կապի մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Էպիկենտրոն» լրատվականին, տեղեկացնում է ԲՀԿ-ի պաշտոնական կայքը: Հարցազրույցում նա, ի թիվս տարբեր հարցերի, անդրադարձել է երկրի ներքին քաղաքական զարգացումներին և այդ համատեքստում ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:
Գագիկ Ծառուկյանը մասնավորապես նշել է, որ նոր վարչապետից ու նոր կառավարությունից առաջին հերթին ակնկալում են նոր ծրագիր եւ նոր մոտեցում. պետք է կարողանան ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին թույլ են տրվել մի շարք կոպիտ սխալներ, որի արդյունքում տնտեսությունը հայտնվել է կործանման եզրին: «Փոքր ու միջին բիզնեսն, ըստ էության, ոչնչացված է, օտարերկրյա ներդրումներ չկան, ոչ ոք Հայաստանում չի ցանկանում ներդրումներ կատարել: Գյուղի բնակչությունը վարկերի տակ սնանկացած վիճակում է, շինարարություն չկա: Այս ամենի հետեւանքով մարդիկ տասնյակ հազարներով տուն-տեղ թողած գնում են Հայաստանից: Սա նշանակում է, որ սխալ քաղաքականություն է իրականացվել, կեղծ թվերով եւ ցուցանիշներով խաբել են մեր ժողովրդին: Դժվար է նախանձել այս կառավարությանը, որին դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա հնարավոր կլինի իրավիճակը շտկել»,-ասել է նա:
Անդրադառնալով վարչապետի Հովիկ Աբրահամյանի հետ իր խնամիական կապերի մասին հարցին, Ծառուկյանը նշել է. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն. տեսնենք ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին»:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: