Ինչ պատիժ է սպասվում «Բյուրեղավանի» գիշերօթիկի նախկին տնօրենին. medialab.am
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը
– Պարոն Ասատրյան, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցածը, երբ տնօրենի կողմից բռնություն էր կիրառվել սոցիալապես խոցելի խմբին պատկանող երեխաների նկատմամբ: Պետք է Մարդու իրավունքների պաշտպանը բացահայտումներ աներ, վարչապետն այցելեր դպրոց, նո՞ր միայն նախարարությունը տեսներ խնդիրները: Նախարարությունը վերահսկողության լծակներ չունի՞:
– Նախարարությունը, բնականաբար, ունի վերահսկողության լծակներ, և այս ընթացքում նաև իրականացվել են աշխատանքներ և դրանք շարունակական բնույթ են կրում: Բայց շատ կարևոր է, որպեսզի մեր հաստատություններում մատուցվող ծառայությունների առումով՝ խնամքի, դաստիարակության, սննդի և այլնի հետ կաված, ունենանք հստակ գործող մոնիթորինգի համակարգ: Մենք այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանքներ ենք կատարել, ներկայումս էլ այդ աշխատանքներն ավելի առարկայական են դառնում, ինչը թույլ կտա վերահսկողությունն ավելի օպերատիվ դարձնել և նաև արագ արձագանքել այն բոլոր խնդիրներին, որոնք հնարավոր է, որ կան կամ հնարավոր է, որ առաջանան: Կարծում եմ, որ սա պետք է ընդհանրապես ընդունենք որպես ազդակ, և այդ առումով ես կարծում եմ, որ ընդհանրապես նմանատիպ հաստատություններում այն խնդիրները, որոնք կան, պետք է երկկողմանի լուծումներ ունենան: Այնպես չէ, որ ես միայն նշեմ, ասենք, խնամք իրականացնողի հետ կապված խնդիրը: Կարծում եմ՝ դա բավականին դժվար առաքելություն է, բայց պետք է պատվով իրականացնել:
– Այսինքն՝ մոնիթորինգի մեխանիզմը ներդնելու դեպքում բացառվելու՞ են նմանատիպ դեպքերը:
– Այո, մենք հիմա մոնիթորինգի համակարգ ենք ներդնում, որը բոլոր ուղղություններով է լինելու՝ խնամքի, սննդի, դաստիարակչական աշխատանքի հետ կապված: Դա ենթադրում է ստանալ ամբողջական և համալիր տեղեկատվություն: Ստանալ, վերլուծել անընդհատ ռեժիմով և դրա հիման վրա և մատուցվող ծառությունների որակն ու արդյունավետությունը գնահատել, և նաև մասնագիտական որակներն այդ խնամքի աշխատանքներն իրականցնողների, ընդհանրապես սոցիալական աշխատողների: Շատ կարևոր ինստիտուտ ենք հիմա ուզում ներդնել՝ սոցիալական աշխատողների հավաստագրման, և այդ առումով նաև պետք է իրականացնենք վերապատրստման, ուսուցման դասընթացներ, շարունակական ծրագրեր, որպեսզի այդ որակյալ կադրերով համալրվեն այդ կարգի հաստատությունները:
– Աշխատանքից հեռացված տնօրենին ի՞նչ պատիժ է սպասվում:
– Դա վերբերում է իրավապահ մարմինների գործառույթներին, քննություն է իրականացվում, և ես չեմ կարող ասել, թե քննության արդյունքներն ինչպիսին կլինեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: