«Հայոց Արծիվների» այցը Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահների զորամաս
Մայիսյան փառավոր տոների՝ եռատոնի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) Հայաստանի Հանրապետության ազգային բանակի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձի առթիվ `«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ միասին հյուրընկալվել էին Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, զինվորներին շնորհավորելու հաղթանակի տոնի առթիվ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, հյուրեր: Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը իր ելույթում շնորհավորեց ներկաներին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ և խիստ կարևորեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեությունը Հայաստանում և կազմակերպության ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և սահմանապահ զորքերի հետ:
Սպաների, ենթասպաների, զինվորների և հյուրերի առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, հայ-ռուսական ռազմաքաղաքական ամուր կապը, սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձը:
(Խոսք` Խաչիկ Ասրյան… «Մեծարգո դեսպան պարոն Վոլինկին, մեծարգո մարզպետ պարոն Ցոլակյան, հարգարժան հյուպատոս պարոն Կոնիշեվ, հարգարժան սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հարգարժան հյուրեր, սիրելի արծիվներ, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, ենթասպաներիդ, զինվորներիդ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ: Միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողները:
Միշտ գիտակցեք, որ հայ-ռուսական դարավոր բարեկամության հիմքը դո՛ւք եք՝ հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներ, ենթասպաներ, զինվորներ: Այո, դո՛ւք եք, որովհետև դուք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում, ես քո կենդանի սուրն եմ Հայաստան, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դուք եք բերելու Հայաստանի և հայ ժողովրդի համար…»:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ Խաչիկ Ասրյանը դեսպան Իվան Վոլինկինին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նվիրեց ուժի և հզորության խորհրդանիշ Սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ Արծիվ:
Թանկարժեք իրային նվերներով՝ ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին մի շարք սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հյուրեր: Տոնական շքերթից հետո տեղի ունեցավ հայկական, ռուսական հայրենասիրական համերգ՝ Երևան քաղաքի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտ-աշակերտուհիների մասնակցությամբ:
Մայիսյան փառավոր տոների՝ եռատոնի միջոցառումների շարքը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Խաչիկ Ասրյանը ներկաների առջև խորին շնորհակալություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 557-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով