«Պետք չէ կուլ գնալ ստվերում գործող որոշ գործարարների ցանկություններին». Ա. Հովհաննիսյան. Banks.am
«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի բաժնետեր, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանը Banks.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով խոշոր կազմակերպությունների համար հանվում է աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը։
Նա նշել է, որ պարտադիր աուդիտի ներդրումը մեծ ազդեցություն է ունեցել խոշոր կազմակերպություններում հաշվապահական հաշվառման կանոնակարգման, ֆինանսական հաշվետվությունների բարելավման առումով, ու պարզ էր, որ որոշ խոշոր կազմակերպություններ, հիմնականում ստվերում գործող, պետք է ամեն գնով խուսափեին աուդիտի անցկացումից կամ փորձեին անցկացնել իրենց շահերին համընկնող աուդիտ:
Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ օրենքն ունի վերանայման եւ լրամշակման անհրաժեշտություն, ինչի վերաբերյալ ՀՀ հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան ներկայացրել է համապատասխան առաջարկություն: «Այսօր ամեն ինչ պետք է անել նշված գործընթացի շարունակականությունն ապահովելու համար, այլ ոչ թե կուլ գնալ ստվերում գործող որոշ գործարարների նեղ շահադիտական ցանկություններին եւ վերացնել ստվերի դեմ պայքարի կայացած ինստիտուտը՝ այն վերափոխելու եւ կատարելագործելու փոխարեն»,- ասել է նա:
Ա. Հովհաննիսյանը նաև կեղծ է համարել այն պնդումները, թե խոշոր ընկերությունները մեծ եւ անիմաստ ծախսերի տակ ընկան, քանի որ աուդիտի համար նախատեսված ծախսերը հիմնականում չեն գերազանցել 1 մլն դրամը. «Ասենք ավելին՝ դրանք շատ դեպքերում կազմել են մոտ 200 հազար դրամ, ինչը ծիծաղելի է նշված ծավալների պարագայում»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում