Պայմանագրային զինծառայողը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս կնոջ հետ և տուգանվել
Առաջին ատյանի դատարանի վճռով՝ ՊՆ N զորամասի ջոկերից մեկի ավագ հրաձիգը մեղավոր է ճանաչվել անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Նախաքննության ընթացքում ՊՆ N զորամասի ջոկերից մեկի ավագ հրաձիգ, կոչումով շարքային պայմանագրային զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի ժամանակ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել և փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների, ինչպես նաև տուժողի, առկայությունը: Դատարանը նաև հաշվի է առել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, ծառայում է սահմանամերձ զորամասում, ընդունում է մեղքը և անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, տուժողը խնդրում է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել: Դատարանը նշել է, որ գործում ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու ամբաստանալի անձը բնութագրող հանգամանքները, գտել է, որ նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, որը բավարար կլինի նրա ուղղման ու նոր հանցագործությունները կանխելու համար:
Առաջին ատյանի դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել և դատապարտել 100 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին թողնվել է անփոփոխ մինչև դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: