Բաժիններ՝

Հայաստանը՝ տարածաշրջանի «ամենասթափ» երկիր

Հայերս այն եզակի ժողովուրդներից ենք, որոնք պարծենում են խմելու, շատ խմելու ունակությամբ։ Անգամ կեսկատակ-կեսլուրջ տեսակետ կա, որ մենք ավելի շատ հաճույք ենք ստանում ոչ թե ալկոհոլ օգտագործելիս, այլ հետո այդ մասին խոսելիս (օրինակ` երեկ մինչև լույս խմել ենք, և այլն)։Սակայն պարզվում է, որ չնայած տարածված կարծիքին` մենք խմելու առումով զիջում ենք աշխարհի և մեր տարածաշրջանի երկրների մեծ մասին։ Ավելի ճիշտ կլինի ասել` ետնապահների թվում ենք։
Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ալկոհոլի և առողջության վերաբերյալ 2014 թվականի զեկույցը, որտեղ ներկայացված են 2010թ. հետազոտության արդյունքները։
Մենք առանձնացրել ենք Եվրոպայի և ԱՊՀ երկրների ցուցանիշները` համեմատելով դրանք Հայաստանի հետ։ Պատկերը բավական հետաքրքիր է։
Որքան են խմում եվրոպացիները և հայերը
Զեկույցի գլխավոր ցուցանիշներից մեկն այն է, թե տարեկան կտրվածքով քանի՞ բացարձակ լիտր ալկոհոլ են խմում տարբեր երկրների բնակիչները։ Հաշվի են առնվել 15 տարեկանից բարձր անձանց տվյալները։
Հայաստանում, ըստ զեկույցի, յուրաքանչյուր մարդուն բաժին ընկնող ալկոհոլի միջին սպառումը կազմում է տարեկան 5.3 բացարձակ լիտր։ Ավելի պարզ լինելու համար ասենք, որ դա համարժեք է 13.25 լիտր օղու կամ ավելի քան 100 լիտր գարեջրի։
Այս ցուցանիշով` տարեկան 5.3 լիտր սպիրտով, Հայաստանը 51 երկրների շարքում 44-րդն է։
Առաջին տեղում Բելառուսն է` 17.5 լիտր, երկրորդում Մոլդովան` 16.1 լիտր։ Ռուսները չորրորդ տեղում են։ Վերջին տեղերում են Տաջիկստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Սա բնական է, քանի որ մահմեդական աշխարհում ալկոհոլ քիչ են օգտագործում կամ` օգտագործում են թաքուն։ Սակայն կա մեկ այլ ցուցանիշ, որով մահմեդական երկրներն առաջ են անցնում մյուսներից։
alcohol-axyusak

Ովքեր են տեղը տեղին խմում
Զեկույցի հեղինակները, բացի մեկ շնչին ընկնող ալկոհոլից, առանձնացրել են նաև մեկ այլ ցուցանիշ` խմողների ցուցանիշը։ Այսինքն, հաշվարկից հանում են չխմողներին և դիտարկում, թե ալկոհոլ օգտագործող մարդիկ միջինը որքան են խմում։
Այսպես, Տաջիկստանում բնակչության 90.7%-ն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում։ Իսկ մնացած 9.3% խմող զանգվածը, կարելի է ասել, խմում է նաև չխմողների փոխարեն։ Յուրաքանչյուր խմող տաջիկստանցու տարեկան բաժին է ընկնում 30.3 բացարձակ լիտր ալկոհոլ։ Այս ցուցանիշով Տաջիկստանը մեր դիտարկած 51 երկրների շարքում առաջինն է, իսկ աշխարհի բոլոր երկրների շարքում` չորրորդը։
Այս ցուցանիշն իրականում ավելի վառ է արտացոլում ալկոհոլիզմին հակվածության ցուցանիշը։ Առաջին տեղում Չադն է, երկրորդ տեղում` Արաբական Միացյալ Էմիրությունները, երրորդում` Գամբիան։

Հայերն այս սանդղակում 51 երկրների մեջ 49-րդն են` տարեկան 8.3 միլիոնով։ Խմող հայերից ավելի քիչ ալկոհոլ սպառում են Իսրայելում և Ադրբեջանում։
Նշենք նաև, որ ալկոհոլ չօգտագործող մարդկանց տեսակարար կշռով հայերը զբաղեցնում են միջին դիրքեր։ Ըստ զեկույցի` Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ը ալկոհոլ չի օգտագործում։ 51 երկրների շարքում «օյաղների» թվով մենք 16-րդ տեղում ենք։ Առաջին տեղում, ինչպես նշեցինք, տաջիկներն են. ալկոհոլ չեն օգտագործում 90.7%-ը։ Ալկոհոլ չօգտագործողների տեսակարար կշիռը մեծ է Թուրքիայում (86.2%) և մահմեդական այլ երկրներում։
Ուշագրավ է, որ այդ շարքում տեղ է գտել նաև Վրաստանը. Ըստ հետազոտության արդյունքների` Վրաստանում չափահաս բնակչության 63.9%-ն ալկոհոլ չի օգտագործում։
Իսկ մյուս ծայրահեղությունը ֆրանսիացիներն են. ալկոհոլ չի օգտագործում բնակչության ընդամենը 5.2%-ը։ Այսինքն` 20-ից մեկն է չխմող։ Ալկոհոլ օգտագործողների թվով երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է, երրորդում` Չեխիան։
Ռուսներն այս առումով բավականին զուսպ են. ըստ զեկույցի` յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին ալկոհոլ չի օգտագործում։
Ամփոփելով այս համեմատական վիճակագրությունը` կարող ենք փաստել, որ մենք` հայերս, խմիչքից մեծ մասամբ չենք հրաժարվում։ Սակայն խմում ենք չափավոր։ Արդյունքում` համարվում ենք նվազ ռիսկային երկիր` ալկոհոլիզմի տեսանկյունից։ Այնպես որ, խմելու հարցում գլուխ գովելու հիմքեր չունենք, ու դա լավ է։
Ալկոհոլային փաստեր` Հայաստանի մասին
Գաղտնիք չէ, որ հայերը հիմնականում խմում են թունդ ալկոհոլային խմիչքներ` օղի և կոնյակ։ Մեր օգտագործած ալկոհոլի 10%-ը գարեջուրն է, ընդամենը 5%-ը` գինին, մնացածը` թունդ ալկոհոլային խմիչքները։
Այս ցուցանիշով մենք գերազանցում ենք անգամ օղու բնօրրանը համարվող Ռուսաստանին։ Այս երկրում սպառվող ալկոհոլի 38%-ը գարեջուրն է, 11%-ը` գինին, 51%-ը` թունդ ալկոհոլային խմիչքները։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանում սպառվող ալկոհոլի 50%-ը գինին է։ Իսկ օրինակ` իսպանացիներն ամենից շատ խմում են գարեջուր։
Ինչպես նշեցինք, մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի ծավալը Հայաստանում կազմում էր 5.3 լիտր։ Դա լավ ցուցանիշ է (այսինքն` շատ չէ)։ Օրինակ` եվրոպական երկրների միջին ցուցանիշը 10.9 լիտր է։ Սակայն կա մի մտահոգիչ փաստ. նախորդ զեկույցի համեմատ` ալկոհոլի օգտագործումն ավելացել է. 2005 թվականին սպառումը եղել է 4.9 լիտր։
Ինչպես և սպասվում է, տղամարդկանց կողմից ալկոհոլ ավելի շատ է օգտագործվում։ Տարվա կտրվածքով ՀՀ-ում ալկոհոլ օգտագործող տղամարդկանց բաժին է ընկնում 9.6 լիտր, կանանց` 5.8 լիտր։
Առողջության տեսանկյունից բավականին կարևոր է նաև ալկոհոլից կախվածություն ունեցողների և ալկոհոլի պատճառով առաջացող հիվանդությունների վիճակագրությունը։
Ըստ զեկույցի, Հայաստանում ալկոհոլից կախվածություն ունի ալկոհոլ օգտագործողների 3.4%-ը։ Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշը 4% է։ Ռուսաստանում ալկոհոլիկների տեսակարար կշիռը 9.3% է, Բելառուսում` 11%։ Թվում է, մեր ցուցանիշը համեմատաբար բարվոք է, սակայն հարևան երկրների համեմատ` այդպես չէ։ Ադրբեջանում ցուցանիշը մերին հավասար է` 3.4%, Վրաստանում շատ ավելի քիչ` 2%։ Թուրքիայում ընդհանրապես զուսպ են` 0.8%։
Ինչ վերաբերում է ալկոհոլի հետ կապված հիվանդություններին, ապա Հայաստանում նման հիվանդություններով տառապում է խմողների 5.3%-ը։
Մասնավորապես, 100 հազար բնակչից 63-ն ունի լյարդի ցիռոզ (որոնցից 46-ը տղամարդիկ են)։
Նշենք ևս մի հետաքրքիր ցուցանիշի մասին։ Այն պայմանականորեն կարելի է անվանել «ուտել-խմելու» ցուցանիշ։ Ցույց է տալիս, թե վերջին 30 օրվա ընթացքում հարցվածների քանի՞ տոկոսն է ասել, որ ինչ-որ առիթի ժամանակ միանգամից խմել է 60 գրամ և ավելի մաքուր ալկոհոլ (մոտ 150 գրամ օղի)։ Պարզվել է` 1.3%-ը։ Դա նույնպես վատ ցուցանիշ չէ։ Օրինակ` Բելառուսում այն գերազանցում է 32 տոկոսը։
Հաշվարկված է նաև ալկոհոլի պատճառով գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը` յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով` 43 պատահար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս