Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև հուլիսի 20-ը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը միտված է մինչև հուլիսի 20-ը իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ համապարփակ համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին.

«Մենք, ինչպես և մյուս կողմը, մեծապես հուսով ենք, որ համաձայնագրի կնքմանը կարելի է հասնել մինչև հուլիսի 20-ը, եթե քաղաքական գործիչները ցուցաբերեն համապատասխան կամք ու վճռականություն: Համաձայնագրի կնքմանը հասնելու համար առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց հաղթահարելը բարդ է, սակայն ոչ անհնար»:

Այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների 4-րդ փուլը: Արաղչիի խոսքերով՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հավելյալ երկու փուլ սպասվում են հունիսին ու հուլիսին: Նա ընդգծել է, որ անհարաժեշտության դեպքում հուլիսյան բանակցությունները կշարունակվեն 20 օր:

2013 թվականի նոյեմբերին Իրանն ու «Վեցյակը» նախնական համաձայնության եկան, որ Իրանն առաջիկայում պետք է սահմանափակի իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց Արևմուտքը մեղմացնելու է նրա նկատմամբ սահմանած պատժամիաջոցները:

Որոշվեց, որ հետագա վեց ամիսների ընթացքում, այսինքն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 20-ը, մշակել համապարփակ համաձայնագիր, որը կերաշխավորեր Իրանի միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացառումը, ինչի դիմաց վերացվելու են Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս