Եթե Օլանդի փոխարեն լիներ մի կին, Սերժ Սարգսյանը երևի կասեր՝ եկել Պուտինի հետ իմ գործերը փչացնում ես, որ ի՞նչ անես. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում հայտարարեց Եվրամիության և Հայաստանի ասոցացման նոր մոդելի անհրաժեշտության մասին:
Այս հարցն օրակարգ է մտցրել Հայաստանը կամ Հայաստանն է դրել շրջանառության մեջ՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ խայտառակ կերպով հրաժարվեց եվրաասոցացման գործընթացից և ընտրեց Մաքսային միությունը:
Այդ ժամանակ ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման քաղաքական մասը: Եվրամիությունը դրան արձագանքեց մերժումով, ընդ որում` ոչ թե քմահաճության, այլ պարզապես տեխնիկական անհնարինության ու անիմաստության պատճառով:
Եթե Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը դուրս է գալիս, քաղաքական մասը վերածվում է մի անպետք թղթի: Եվրոպան փորձեց Հայաստանին մի քանի անգամ բացատրել այդ պարզ բանը:
ՀՀ իշխանությունների շահերից չէր բխում դա հասկանալը, և նրանք շարունակում էին, շարունակեցին մինչև վերջերս: Հիմա Հայաստան է եկել Ֆրանսիայի նախագահը ու հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է այլ մոդել գտնի:
Ու ստացվում է, որ ԵՄ դիրքորոշումը փոխվել է և պատրաստ են Հայաստանի հետ, այսպես ասած, առանձին բաղադրիչով թուղթ ստորագրել: Արդյո՞ք դա իսկապես այդպես է, այսինքն արդյո՞ք իսկապես փոխվել է Եվրոպայի մոտեցումը այսօր:
Օլանդից առաջ Երևանում քաղաքական մասի ստորագրման հնարավորության մասին խոսել էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: Իսկ Գերմանիան ու Ֆրանսիան ԵՄ առաջատար տանդեմն են, քաղաքական առաջատարները: Եվ ուրեմն` կարծեք թե կան հիմքերը կարծելու, որ ԵՄ դիրքորոշումը փոխվում է: Սակայն համարձակվում ենք կարծել նաև, որ սա այդպիսի հիմքերի մասին խոսելու բավական մակերեսային ելակետ է:
Եթե Գերմանիան ու Ֆրանսիան խոսում են, դա դեռ չի նշանակում, որ գործում են: Ի վերջո, նույն Օլանդը Երևանում հայտարարում է, որ Հայաստանի ՄՄ անդամակցության մեջ խնդիր չի տեսնում: Այսինքն` Ֆրանսիան Երևանում ճանաչում է Պուտինի գերակա իրավունքը: Իսկ Պուտինի գերակա իրավունքը նշանակում է ՀՀ-ԵՄ հարաբերության տոտալ և խստագույն վերահսկողություն: Եթե Օլանդի փոխարեն լիներ, ասենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, սոցիալապես անապահով մի կին և նույն բանն ասեր Սերժ Սարգսյանին, Ս. Սարգսյանը երևի կասեր՝ եկել նոր ասոցացման մասին ես խոսում, Պուտինի հետ իմ գործերը փչացնում ես, որ ի՞նչ անես:
Բայց, ասոցացման նոր մոդելի մասին խոսում է Օլանդը, ոչ թե Մալաթիա-Սեբաստիայից մի կին, ու Օլանդի կողքին Սերժ Սարգսյանն արդեն այլ բան է ասում՝ կրկնում է, որ Հայաստանը հավատարիմ է ԵՄ առաջ ստանձնած պարտավորություններին: Հասարակության առաջ հասկացությունները նենգափոխում են և ամեն ինչ հանգեցնում, այսպես ասած, իրավաբանական սուբյեկտների միջև հարաբերությունների` հայտարարելով, խոսելով տնտեսական ֆորմացիաների, ֆորմատների, հարթությունների կանոնակարգերի համադրման և այլնի մասին:
Բայց չէ՞ որ պետությունը միայն իրավաբանական սուբյեկտ չէ: Ավելին` պետության իրավաբանական սուբյեկտությունը ընդամենը քաղաքական սուբյեկտության ֆորմալ հիմք է: Այսինքն` խոսքը տնտեսական ռեժիմների համադրման մասին չէ, այլ պետության քաղաքական կենսագործունեության, որը պետք է ունենա քաղաքակրթական պլատֆորմ: Այստեղ Եվրամիությունն ու Ռուսաստանն անհամատեղելի են»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։