Ինչ է հայտնել նախաքննության ընթացքում մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող երիտասարդը (տեսանյութ)

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստը:

Դատարանում ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը, ով նոր է ներգրավվել պես ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան, հայտարարեց, որ իրենց չեն տրամադրվել գործում առկա մի քանի սկավառակներ, այդ թվում` Դավիթ Թամրազյանի հեռախոսային վերծանումների սկավառակները:

Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ սկավառակները պարունակող ծրարները դեռ չեն բացվել, այսօր հետազոտումից հետո դրանց պատճենները կտրամադրվեն պաշտաններին:

Դատարանում այսօր հետազոտվեց նախաքննության ընթացքում կասկածյալ Դավիթ Թամրազյանի ցուցմունքում նշված հանգամանքները ստուգելու և ճշտելու քննչական գործողության ընթացքում կատարված տեսագրությունը:

Նախաքննության ընթացքում քննչական գործողություններից մեկի ժամանակ ամբաստանյալն ընդունել էր իր մեղքը՝ նշելով, որ աղջկա կոկորդը դանակով կտրելուց հետո ինքը խոհանոցում լվացվել է, ձեռքերը չորացրել խոհանոցում առկա սրբիչով, մեկ այլ սրբիչով սրբել դռան վրա առկա հետքերը, ապա հրկիզել տան մահճակալները:

Նշենք, որ դատաքննության սկզբում ամբաստանյալը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին:

Տեսանյութեր

Լրահոս