
Ես պատրաստ եմ միջնորդ դառնալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև. Դմիտրի Ֆիրտաշ

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վիեննայում գտնվող ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայի ու Կիևի միջև միջնորդի դերում հանդես գալու համար, որպեսզի փորձեն գտնել ուկրաինական ճգնաժամի լուծումը.
«Ես պատրաստ եմ միջնորդ դառնալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև: Ես գիտեմ, թե ինչ է պետք ձեռնարկել: Եթե ուկրաինացի քաղաքական գործիչները չեն կարող ոչինչ անել, ապա ես պետք է միջամտեմ»:
Անդրադառնալով մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Ֆիրտաշը հայտարարել է, որ իր համար գլխավորը Յուլյա Տիմոշենկոյի պարտությանը հասնելն է. «Ես աջակցում եմ Պորոշենկոյին, ես այլ ընտրություն չունեմ: Ես պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր թեկնածուի՝ բացառությամբ Տիմոշենկոյի»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ֆիրտաշին սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում: