Ֆիրտաշին կարող են ազատազրկել 50 տարով և զրկել բոլոր ակտիվներից. Deutsche Welle
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կարծում են, որ ուկրաինացի «գազային օլիգարխ» Դմիտրի Ֆիրտաշը Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) առաջին հերթին հետաքրքիր է ոչ թե որպես ամբաստանյալ, այլ՝ որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ գործով պոտենցիալ վկա:
Ֆիրտաշին Ավստրիայից ԱՄՆ արտահանձնելու մասին որոշումն ակնկալվում է մայիսին: Այդ հարցը դիտարկելու է Վիեննայի դատարանը: FBI-ն արդեն իսկ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ուկրաինացի օլիգարխի գործի դիտարկումն ակնկալվում է ոչ թե հետաքննչական մեկուսարանում, այլ՝ Վիեննայում նրա նստավայրում, ինչի համար Ֆիրտաշը վճարել է ավստրիական արդարադատության համար գրավի ռեկորդային ցուցանիշ՝ 125 միլիոն եվրո: Ֆիրտաշն իր պաշտպանության գործընթացում ընդգրկել է հայտնի իրավաբանների:
Դատարանում նրան պաշտպանելու է Ավստրիայի արդարադատության նախկին նախարար Դիտեր Բեմդորֆերը: FBI-ն արդեն մի քանի տարի է, ինչ հետաքննում է Ֆիրտաշի դեմ գործը: Նրան կասկածում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու և Հնդկաստանի նահանգներից մեկում տեղի իշխանությունների, ինչպես նաև երկրի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչներին «գնելու» մեջ:
Հետաքննության համաձայն, տիտանի համաձուլվածքի արտադրության համար անհրաժեշտ հումքի արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով Ֆիրտաշը միջնորդների միջոցով տվել է առնվազն 18.5 միլիոն դոլարի կաշառք: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով՝ օլիգարխին սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում և բոլոր ակտիվների առգրավում: