Ուորլիքը որևէ նոր բան չասաց. Սերժ Սարգսյան

Այսօր Երևանում ՀՀ և Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթին և համանախագահների վերջին հայտարարությանը։ Ս. Սարգսյանը նշել է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, և որ այդ սկզբունքն այլընտրանք չունի. «Այս մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները, համանախագահները: Վերջին անգամ դրանք ներկայացրել է Ուորլիքը, ու որևէ նոր բան չասաց»։

Ըստ ՀՀ նախագահի՝ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը, յուրաքանչյուրի համար կան նախադրյալներ. «Յուրաքանչյուր երկիր լուծման իր ճանապարհները պայմանավորում է այդ նախադրյալներով: Մեկ անգամ չէ, որ համանախագահներն ու նրանց ներկայացուցիչները խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: Նույն մոտեցումը կար նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի յուրովի մեկնաբանել այդ սկզբունքները, ոչինչ չի ստացվելու»։

Ս. Սարգսյանը նաև հայտարարել է, որ չի կիսում այն մոտեցումը, թե տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ։ «Դրանք երկակի ստանդարտներ չեն, այդ մոտեցումները բխում են հակամարտությունների ծագումնաբանությունից, պատմությունից ու նախադրյալներից: Որևէ փոփոխություն ես չեմ տեսնում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս