Մանվել Սարգսյան. Ուորլիքը բոլոր կողմերին հիշեցրեց խաղի կանոնները

«Իմ կարծիքով` Ուորլիքը, կարծես, բոլոր շահագրգռված կողմերին նորից հիշեցրեց խաղի կանոնները, թե ինչպիսին է վիճակը, որոնք են ուղղությունները: Այստեղ, իհարկե, հետաքրքիր է` ում և ինչի հետ կարող է այդ ուղերձը կապված լինել: Բնականաբար, կարող է կապված լինել հենց Ռուսաստանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը:

Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի ակտիվացումը կապված է միջազգային իրադրությունում կտրուկ փոփոխությունների հետ, և ԱՄՆ-ը հավանաբար փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ իր համար անընդունելի է ղարաբաղյան հարցում ինչ-որ միակողմանի գործողությունների դիմելը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Մանվել Սարգսյանի կարծիքով` «մենք Ադրբեջանի հետ հարցերը լուծել ենք, այժմ մեր խնդիրը միջազգային հանրության հետ է, որ հաստատենք մեր իրավունքը, ճանաչել տանք, որ մենք ճիշտ ենք»:

Սակայն քաղաքագետը ցավում է, որ այս իմաստով Հայաստանում չկա բովանդակային բանավեճ, թե հնարավո՞ր է համաձայնության գալ ներկայացված առաջարկի հիման վրա, դա խնդրի լուծո՞ւմ է, թե՞ ոչ, հարցը կարո՞ղ է լուծվել Մինսկի խմբի շրջանակներում, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Մենք մեր խնդրով չենք զբաղվում, մենք ռեակտիվ մոտեցում ունենք` էս ինչ ասաց, էն ինչ ասաց, բա ի՞նչ կանեն մեր գլխին… Ստրատեգիական հարցերը, այս ներքին թոհուբոհի, ներքաղաքական հարցերի պատճառով, դուրս են մնում: Մարդկանց ուղղակի չի հետաքրքրում, բոլորը զբաղված են փողով, իշխանությունից օգտվելով: Խոսում են միայն Բաղրամյան 26-ից, էսինչ հարցից, այնինչ օրենքից»,- նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:


Տեսանյութեր

Լրահոս