Վարչապետի նախշունը

Երեկ կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դրանց էությունը, մեծ հաշվով, այն է, որ պարտադիր բաղադրիչը հանվում է, և արդեն իսկ այդ համակարգում ընդգրկվածներին հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել և հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից:

Սա, իհարկե, այն դեպքն է, որի համար տեղին կլիներ հերթական անգամ հիշել լեռների անպտուղ ծննդաբերության մասին հայտնի ասացվածքը, սակայն, հասկանալի պատճառներով, դա կարելի է շրջանցել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխանությունը վարվեց՝ ինչպես միշտ, վարվեց իրեն բնորոշ միակ հատկանիշով՝ շուստրիությամբ: Այսինքն՝ իբրև թե կառավարությունն ընդառաջ գնաց հանրային բողոքին, հանեց չարաբաստիկ պարտադիր բաղադրիչը, սակայն այնպիսի մեխանիզմով, որը հայաստանյան իրողություններում հանգեցնելու է պարտադիր բաղադրիչի ներդրման «կամավորականների» հերթերի: Փորձենք պատկերացնել, թե մոտավորապես քանի աշխատող կհրաժարվի այս համակարգից:

Կոնկրետ թիվը, բնականաբար, դժվար է կանխատեսել, սակայն այդ թվի կարգը պատկերացնելու համար բավական է դիտել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ամենամարդաշատ ակցիան:

Այսինքն՝ կուտակային համակարգից կհրաժարվեն մոտավորապես այնքան աշխատողներ, որքան մասնակցում էին բողոքի ակցիաներին. առավելագույնը՝ 20 հազար մարդ: Կարելի է անգամ այդ թիվը կրկնապատկել: Այդքանից ավելի աշխատողներ, վստահ եղեք, չեն հրաժարվելու կուտակային համակարգից: Եթե հրաժարվելու լինեին, կմասնակցեին բողոքի ակցիաներին: Իսկ չէին մասնակցում ոչ թե այն պատճառով, որ կողմ էին այդ համակարգին, այլ որովհետև վախենում էին իրենց գործատուներից, աշխատանքը կորցնելուց:

Հայաստանում աշխատանք ունեցողների մոտավորապես կեսը՝ 200-250 հազար քաղաքացիներ, պետական, համայնքային ծառայողներ են կամ բյուջետային համակարգում աշխատողներ: Մտածել, որ նրանք դիմում կգրեն ու կհրաժարվեն այս համակարգից, նույնն է թե՝ մտածել, որ, ասենք, զինծառայողները հրամանատարի աչալուրջ հսկողությամբ գնում են ընտրատեղամաս և քվեարկում են իրենց ցանկացած թեկնածուին:

Իսկ նման կերպ մտածելու դեպքում ինքնաբերաբար կարելի է ազատվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, քանի որ հոգեկան հիվանդներին հաշմանդամության նպաստ է նշանակվում: Իրականում այս փոփոխություններով իշխանությունը զրկվելու է առավելագույնը մի քանի տասնյակ հազար աշխատակիցների աշխատավարձերի 5 տոկոսից՝ պահպանելով ամսական 100 և ավելի միլիոն դոլար «հավաքագրելու» հնարավորությունը:

Թերևս, հենց սա նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը, երբ ասում էր՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված: Հիմա կգործի ոչ թե կենսաթոշակային ֆոնդի պարտադրված ընտրության, այլ արդեն իսկ ընտրված ֆոնդից պարտադիր չհրաժարման համակարգը:

Մի՞թե հանճարեղ չէ:

Եվ ամենակարևորը՝ ամբողջությամբ տեղավորվում է իշխանության գլոբալ քաղաքականության շրջանակներում: Ճիշտ նույն կերպ իշխանությունն անցկացնում է բոլոր մակարդակի ընտրությունները՝ նախապես «ընտրելով» նախագահին, պատգամավորին, գյուղապետին:

Այսինքն՝ ի սկզբանե իշխանությունը քաղաքացիներին զրկում է հրաժարվելու իրավունքից, քանի որ յուրաքանչյուր ընտրության հաջորդ օրը քաղաքացիները պարզում են, որ իրենք շարունակում են չհրաժարվել անհիշելի ժամանակից իշխող իշխանությունից: Մեծ հաշվով, Հայաստանի հասարակությունն արդեն մոտ երկու տասնամյակ ապրում է հրաժարվելու իրավունքից հրաժարված վիճակում: Այլապես, գոնե մեկ անգամ հնարավորություն կունենար հրաժարվելու այն իշխանություններից, որին վերաբերվում է, մեղմ ասած, այնպես՝ ինչպես «Եվրատեսիլում» հաղթանակած Կոնչիտային: Պարզվում է՝ բոլորը զզվում են նրանից, բայց քվեարկել են նրա օգտին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս