Բաժիններ՝

Հայ ձեռներեցները սեպտեմբերին կարող են մասնակցել «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին. ԱՌԿԱ

Հայաստանի ձեռներեցները հրավեր են ստացել մասնակցելու «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին, որը տեղի կունենա 2014 թ.–ի սեպտեմբերի 1–6–ը Չինաստանի Ուրումչի քաղաքում։ Ըստ ԱՌԿԱ-ի, ինչպես նշել է «Չինաստան–Եվրասիա» էքսպոյի գործադիր կոմիտեի նախագահ, Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիայի հանձնակատարի տեղակալ Սյու Վեյխուան, այս խոշոր միջոցառմանը հայ ձեռներեցների մասնակցությունը կարող է նպաստել հայ–չինական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

«Հայաստան մեր պատվիրակության այցի նպատակն է ծանոթացնել հայկական ընկերություններին «Չինաստան–Եվրասիա» չորրորդ էքսպոյի մասնակցության հնարավորություններին և պայմաններին, ինչպես նաև ամրապնդել հայ–չինական տնտեսական համագործակցությունը, մասնավորապես` հայ ձեռներեցների հարաբերությունների ամրապնդմանը Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիայի (ԱԱՇԿ) հետ», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վեյխուան։

Նրա խոսքերով` ԱԱՇԿ–ն, որը «Չինաստան–Եվրասիա–2014» էքսպոյի կազմակերպիչներից է, Չինաստանի և եվրասիական այլ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հզոր շարժիչ ուժն է։ Օգտագործելով Սինցզյան գավառի բնական և տուրիստական ռեսուրսների ներուժը, ինչպես նաև այլ պետությունների հետ հարաբերությունների հաստատման հնարավորությունները` ԱԱՇԿ–ն առաջարկում է համագործակցության ամենաշահավետ պայմանները բոլոր շահագրգիռ կողմերի համար։

««Չինաստան–Եվրասիա» էքսպոն նոր կյանք է տալիս Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Սինցզյանի անդրսահմանային զարգացման և այլ երկրների հետ համագործակցության համար», – հայտարարել է Վեյոխուան։

1954 թ.–ին ստեղծված Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիան ունի 80 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք` 2,7 մլն. բնակչությամբ, որտեղ գործում են 175 ֆերմերային տնտեսություններ, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության և առևտրի ոլորտում գործող 3 հազար ձեռնարկություններ, գիտատեխնիկական ակադեմիա և կրթության, մշակույթի, առողջապահության մի շարք հաստատություններ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս