Նոր մանրամասներ. Ավտոմեքենայի սրահում կատարված սպանությունը բացահայտվել է (տեսանյութ)
Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և նրանից այլևս որևէ տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով բերման ենթարկեցին 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին իր ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, «Բրաունինգ»-ով սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:
Ոստիկանները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքի մոտակայքում հայտնաբերել են Վարդուհի Գրիգորյանի դին:
Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակին և թիկունքին հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:
Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն