
Ինչի կարող են հանգեցնել Վանաձորի կիսաքանդ և բարձիթողի այգիները

Asparez.am-ը գրում է. Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգին, ինչպես նաեւ քաղաքի այլ այգիներ, արդեն մի քանի տարի քաղաքապետարանը վարձակալության է տվել: Բազմիցս ավագանու նիստերի ժամանակ ավագանու տարբեր անդամներ բարձրացրել են այս հարցը, որ այգիները օգտագործվում են ոչ բարեխիղճ ձեւով, այգիներում չկա լուսավորություն, նստարաններ եւ այլն:
Քաղաքապետարանի պաշտոնյաները բարձրացված հարցին, սակայն, միշտ նույն պատասխանն են տվել, որ իրենք էլ են տեղյակ եւ սպասում են վարձակալի հետ պայմանագրի ավարտվելուն: Բայց մինչ պայմանագրի ավարտվելը՝ մարդկանց համար այգիներում անհարմարություններ ու վտանգավոր իրավիճակներ են առաջանում:
«Ասպարեզ» օրաթերթն անցյալ տարի անդրադարձել էր Շառլ Ազնավուրի անվան այգու քանդված, կեղտոտ եւ նույնիսկ արդեն վտանգավոր դարձած վիճակին: Սակայն թե քաղաքապետարանը եւ թե վարձակալը այդպես էլ հետամուտ չեղան խնդրին: Բանն այն է, որ այգում մի քանի տարի առաջ մանկական կարուսելներ էին տեղադրվել, որոնք աշխատեցին միայն տեղադրման տարում:
Դրանից հետո՝ արդեն մոտ երեք տարի, այգու կարուսելները չեն աշխատում: Չաշխատելուց բացի, կարուսելներին կից դարպասները ջարդված են, ամբողջ էլեկտրական լարերը դրսում են եւ կարուսելին հասնելու համար երեխայից ոչինչ չի պահանջվում, քան մոտենալ եւ պտտեցնել այն: Օրեր առաջ մի քանի երեխա այդ ցանկությամբ մոտեցել են քանդված, ոչ պիտանի, անսարք կարուսելին եւ մի քանի րոպե ուրախանալուց հետո դժբախտ պատահարի մեջ ընկել: Երեխան անսարք կարուսելից վայր է ընկել, ուղեղի ցնցում ստացել:
Մանրամասներն` այստեղ