
Որպես երկրի նախագահ՝ ես երբեք չեմ կատարի ներկայացուցչական գործառույթներ. Էրդողան

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Աֆյոնքարահիսարում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է օգտվել իրեն ընձեռված բոլոր հնարավորություններից.
«Ժողովրդի կողմից ընտրված նախագահը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին որ նախկին նախագահներն են: Նախագահը, որի օգտին քվեարկել է ժողովուրդը, պետք է իրավունք ունենա գործնականում կիրառել իր բոլոր լիազորությունները:
Եթե ես ընտրվեմ նախագահ, ապա կօգտվեմ ինձ ընձեռված բոլոր հնարավորություններից: Որպես երկրի նախագահ՝ ես երբեք չեմ կատարի ներկայացուցչական գործառույթներ: Պետք է արագորեն անցում կատարել կառավարման նախագահական համակարգի: Նախագահ ընտրվելու դեպքում ես չեմ խզի կապերս կուսակցության հետ և կհանդիսանամ կուսակցական նախագահ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները (առաջին փուլը) նշանակված է օգոստոսի 10-ին: Հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: Ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին:
Թուրքիայում նախագահին առաջին անգամ ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը, ընդ որում՝ 5 տարի ժամկետով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Դա նշանակում է, որ Էրդողանը կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնել 2014-2024 թվականներին, և իր համար բաղձալի 2023 թվականը (երբ երկրում կնշեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) դիմավորել երկրի նախագահի կարգավիճակով:
2007 թվականի հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով (այո՝ 19.422.714 ձայն և 68.95 տոկոս, ոչ՝ 8.744.947 ձայն ու 31.05 տոկոս) հաստատվեց այն, որ այսուհետ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, ինչպես նաև այն, որ երկրի նախագահն այսուհետ պետք է ընտրվի «5+5» տարբերակով (5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ):
Մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի: Չնայած դրան՝ 2012 թվականի հունիսի կեսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին տվեց վերընտրման իրավունք, երբ որոշում էր նրա պաշտոնավարման ժամկետի (5 թե 7 տարի) շուրջ ծագած վեճը (թուրքական ընդդիմությունը պահանջում էր նախագահական ընտրություններն անցկացնել 2012 թվականին՝ ելնելով նրանից, որ լրանում է նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման 5-ամյակը):
1923 թվականին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում ցայժմ անցկացվել է 18 նախագահական ընտրություն, որոնց արդյունքներով երկրի նախագահ է դարձել 10 քաղաքացի: Բացի այդ, Քենան Էվրենը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին կազմակերպած ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականին դարձել է Թուրքիայի նախագահ (ի տարբերություն մյուսների՝ նրան չի ընտրել երկրի խորհրդարանը):
Չորսական անգամ Թուրքիայի նախագահ են ընտրվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը և Իսմեթ Ինենյուն, իսկ երեք անգամ՝ Ջելալ Բայարը: Մեկական անգամ Թուրքիայի նախագահ են ընտրվել Ջեմալ Գյուրսելը, Ջևդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, Թուրգութ Օզալը, Սուլեյման Դեմիրելը, Ահմեթ Նեջդեթ Սեզերը և Աբդուլլահ Գյուլը: