
ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու «կիսամիջոցներին». ԱԺ-ում քննարկվում է պարտադիր կուտակայինը

«Ոչ թե մեր գումարները վերադարձնում են, այլ բանակցում են, թե ինչքան հնարավոր է քիչ վերադարձնեն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքին վերաբերող քնարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Իր բնորոշմամբ` իրավական լաբիրինթոսից դուրս գալու համար, Զուրաբյանը նշեց, որ կառավարությունը հանում է պատժամիջոցները, առաջարկում է քաղաքացիներին իրենցից բռնագանձված փողերը ստանալու համար պասիվ իրավունք, այսինքն` տարված գումարը ետ ստանալու համար դիմում են ուզում:
«Կառավարությունն իրեն նորից պահում է որպես մի բռնի կառույց, որը սեփականացրել է մեր` սեփականատերերիս տնօրինման իրավունքը»,- ասաց Զուրաբյանը` ՀՀ կառվարությանը համեմատելով հորդաների հետ, որ թալանում են ժողովրդին, հետո կանչում իրենց մոտ` թալանը վերադարձնելու համար:
Նրա խոսքով` Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ պարտադիրը կհանվի, բայց ամբողջ հանրապետությոնւմ շարունակում են հավաքել գումարները: Զուրաբյանը հարցադրում արեց` այդ ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը եկավ քառյակի հետ հանդիպման, և պատասխանեց, որ նպատակը սեպարատ գործարք կնքելն էր:
«Մենք սեպարատ գործարքի չենք գնա, մենք ժողովրդի շահերն ենք ներկայացնում և չենք վերցնի կուտակայինի պատասխանատվությունը: Սա Սերժ Սարգսյանի ծագիրն է և իրականացվելու է մինչև վերջ: Սա պետք է գիտակցել»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս «կիսամիջոցներին»: