Բաժիններ՝

Վայոց Ձորի գյուղերում անասունների բրուցելյոզ հիվանդություն է տարածվել

Վայոց Ձորի գյուղերում անասունների բրուցելյոզ հիվանդություն է տարածվել: Հիվանդությունը հատկապես մեծ վնաս է հասցրել Վայքի տարածաշրջանի Մարտիրոս, Արենի և այլ համայնքներում, իսկ Դայլախոյում հիվանդությունը նույնիսկ փոխանցվել է մարդկանց և մի քանի մարդ վարակվել է: Այս մասին 168.am-ին հայտնեց Վայքի բնակիչ Մարետա Եղոյանը: Ըստ նրա՝ բազմաթիվ կենդանիներ՝ թե´ կովեր, թե´ ոչխարներ, վարակվել են ու անկել, գյուղացիները ստիպված անկած անասունների դիերը թաղում են հողի տակ՝ փորձելով խուսափել հիվանդության տարածումից: Մ. Եղոյանը տեղեկացրեց, որ բավականին ուշացումով անասնաբույժները սկսել են անասունների պատվաստումներ իրականացնել:

Փորձեցինք բրուցելյոզի տարածման ու դրա դեմ պայքարի վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ ստանալ Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանից, սակայն՝ ապարդյուն: Փոխնախարարը չպատասխանեց մեր հարցին, փոխարենը խորհուրդ տվեց դիմել փոխնախարար Ռոբերտ Մակարյանին՝ պատճառաբանելով, թե այժմ նա է համակարգում անասնապահական ոլորտը: Ռ.Մակարյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ 4-5 օր առաջ է իմացել խնդրի մասին, բայց մեր հարցերին առավել մանրամասն կկարողանա պատասխանել միայն երկուշաբթի օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս