Երթուղային տաքսու մեջ կնոջ պայուսակից հափշտակել է 270.000 դրամ պարունակությամբ դրամապանակը. դատարանը կարճել է գործը
Դատարանը կարճել է Արարատի 27-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թիվ 53 համարի երթուղային տաքսու մեջ աննկատ բացել է իր դիմաց կանգնած աղջկա ուսից կախված պայուսակի շղթան և գաղտնի հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Տղային մեղադրանք է առաջադրվել գողության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին մաս):
Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ նշել է, որ գործի դատական քննության նախապատրաստական մասում տուժողը հայտարարել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ, նրա նկատմամբ բողոք կամ քաղաքացիական հայցի պահանջ չունի, միևնույն ժամանակ, դատարանին ներկայացված դիմումով հայտնել է, որ պատճառված վնասը փոխհատուցվել է: Դատարանում մեղադրողը միջնորդել է ամբասանյալի նկատմամբ քրեական հետապանդումը դադարեցնել, հայտնելով, որ առկա են օրենքով սահմանված հիմքեր` նշված մեղադրանքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։
Դատարանը արձանագրել է, որ առկա են բավարար հիմքեր սույն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու համար:
Դատարանը որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` տուժողի կողմից ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով: