
Լեհաստանի վարչապետը ՌԴ-ին կոչ է արել չխանգարել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեկ հայտարարել է, որ մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրություններն առանցքային կարևորություն ունեն երկրի իրավիճակի կայունացման համար: Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցելուց հետո Տուսկը Ռուսաստանին կոչ է արել չխոչընդոտել տվյալ գործընթացը:
Տուսկը կարծում է, որ Ուկրաինային և ընդհանրապես ողջ տարածաշրջանին բարին ցանկացող յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը պետք է միանշանակ աջակցի Ուկրաինայում քաղաքական իրավիճակի կայունացմանը և այդ նպատակով օգնի, կամ էլ առնվազն չխանգարի նախագահական ընտրությունների անցկացմանը:
Տուսկն այդ հարցում հարևան երկրների պահվածքը որակել է որպես «հավաստիության թեստ»: Տուսկի խոսքերով` Պորոշենկոն Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատարներից մեկն է: Նա վստահեցրել է, որ Լեհաստանն աջակցում է բոլոր թեկնածուներին, առաջին հերթին նրա համար, որ Ուկրաինան արագորեն վերադառնա զարգացման ուղի: